Փաշինյանը որոշել է թարմացնել ավտոպարկը․ 200 նոր մեքենա կգնվի

Փաշինյանը որոշել է թարմացնել ավտոպարկը․ 200 նոր մեքենա կգնվի

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է ավտոպարկը թարմացնելուն, կամ, ինչպես նախագծում է նշված՝ պետական կառավարման մարմինների կարիքների համար ավտոմեքենաներ ձեռք բերելուն։

Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է շուրջ 200 էկոնոմ դասի ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներ և էլեկտրոմոբիլներ գնել։

«Նախատեսվում է տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացում նախապատվությունը տալ էլեկտրոմոբիլներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց ձեռք բերման արդյունքում կկրճատվեն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը (վառելիք, երաշխիքային սպասարկում և այլ ծախսեր) և կմեղմացվի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ի հաշիվ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման։ Ավելին՝ նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը կապահովի ՀՀ պետական կառավարման մարմիններին սպասարկող մեքենաների թվաքանակի զգալի կրճատում»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Նշենք, որ ըստ նախագծի, թվով 600 հին ավտոմեքենաները վաճառքի կհանվեն, գումարները կուղղվեն պետական բյուջե։

Հիշեցնենք, որ հուլիսին էլ մամուլը գրում էր, որ Փաշինյանին սպասարկող մեքենաների մեջ նոր Toyota Hiace մակնիշի միկրոավտոբուս է հայտնվել։ Այն, ինչպես հասկացանք, փոխարինում է նախկինում առկա Volkswagen Multivan մինիվենին, որը տեղափոխում էր ԱԱԾ-ի դիմակավորված հատուկ ջոկատայիններին։

Նարե Գնունի