Էրդողանը տարված է իր իշխանությունը պահելով․ ընտրությունից առաջ սա ծանր հարված էր․ Բագրատ Էստուկյան

Թուրքիայում ծանր վիճակ է, հայերի շրջանում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 10-ի, նոր դիակներ են հայտաբերվել։
Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
Էստուկյանը խոսեց նաև Հայաստանից Թուրքիա օգնություն ուղարկելու մասին։
«Սա առաջին օրինակը չէ, երբ թշնամի երկրներ լինելով՝ Հայաստանից օգնություն է ուղարկվում Թուրքիա։ Հունաստանն էլ, թշնամի երկիր լինելով, աջակցություն ուղարկեց։ Մարդասիրական օգնությունն ու քաղաքական հակադրվածությունը պետք է իրարից զատել, հակասական չէ, երբ միմյանց աջակցում են բարդ իրավիճակում»,-ասաց նա։
Շնորհակալական ուղերձների մասին խոսելիս Էստուկյանն ընդգծեց, որ Հայաստանի տրամադրած օգնությունն անտեսողներ կան։
«Նրանք քաղաքական առումով հակահայաստանյան կեցվածք որդեգրած, ազգայնական շրջանակներն են։ Էրդողանը տարված է իր իշխանությունը պահելով, որովհետև սա ծանր հարված էր ընտրությունից առաջ, հիմա Էրդողանն իր միտքն ու խելքը տվել է այս աղետից հնարավորինս քիչ վնասով դուրս գալուն»,-ընդգծեց Էստուկյանը։
Խմբագրի խոսքով՝ այս պահին Թուրքիայում զոհերի թիվը 32 հազար է։
«Պաշտոնական հայտարարությամբ՝ թիվն ավելի քիչ է, սակայն բոլորս էլ գիտենք, որ իրականում թիվը բարձր է նույնիսկ 32 հազարից։ Ես Ստամբուլում եմ, հայ փրկարարներին չեմ հանդիպել, բայց կարողացել եմ հեռախոսազանգ ունենալ։ Իրենց առաջ դրած խնդիրը կատարում են, ողջ երեխա էին դուրս բերել փլատակներից»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա մեկնած որոնողափրկարարական թիմը շարունակում է աշխատել Ադըյաման քաղաքում։ Հայաստանից Թուրքիա 27 հոգանոց որոնողափրկարարական թիմ ուղարկելուց հետո, ՀՀ-ն 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել աղետի գոտի։
Օգնությունն Ադըյաման է հասել Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ Մարգարայի կամրջով, որը փակվել է 1993 թվականին։
Լիաննա Թորոսյան