Զբոսաշրջիկները վախենում են այցելել Սյունիք, հիմնավորում են՝ անվտանգ չէ (տեսանյութ)

Գորիսում վարդերի ծաղկման շրջանն է։ Գրեթե ամեն տան բակում կարելի է հանդիպել բազմագույն, տարատեսակ ծաղիկների։ Տարվա այս սեզոնին քաղաքը զբոսաշրջիկների պակաս չուներ։
Օտարերկրացիներն ամեն տարի գալիս ու հիանում էին Հայաստանի հարավում գտնվող ամենագեղեցիկ քաղաքի ճարտարապետությամբ, պատշգամբային, պատշարային ու տանիքային մշակույթով։
Բնակիչներն ասում են՝ եթե տուրիստներին նախորդ տարիներին հետաքրքրում էր ճոճվող կամուրջն ու Տաթևի ճոպանուղին, ապա հիմա գորիսեցիները աշխարհին ցուցադրելու ավելի շատ բան ունեն․ թանգարաններից մինչև արկածային տուրիզմ, տեսարժան վայրեր, ավանդական խոհանոց՝ զանգեզուրյան հյուրասիրությամբ։
Չնայած կատարված ներդրումներին ու շարունակվող շինարարությանը, Գորիսում նախ անվտանգային խնդիրների հարց ունեն։ Քաղաքն ու հարակից գյուղերը՝ ադրբեջանցիների ափի մեջ են։
«Հիմա չե՞ք տեսնում` շարժ չկա, վախենում են գան։ Մանավանդ 2022 թվականի մարտերից հետո մի տեսակ հոսքը նվազել է։ Բայց մենակ Գորիսը չէ, Հայաստանում անվտանգ տեղ չկա, չգիտեմ՝ մինչև ե՞րբ ենք էսպես անորոշ ապրելու»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է գորիսեցի կինն ու նայում դիմահայաց սարի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական հենակետերն են։
Գորիսի յուրահատուկ կոլորիտն ընդգծված է Արտաշես Թորոսյանի ու կնոջ՝ Աննայի հիմնադրած հյուրանոցում։ Ամուսիններն ընտանեկան բիզնեսը սկսել են «Covid»-ի ժամանակաշրջանում, հետո սկսվել է պատերազմը։ Չեն դադարել, շարունակել են ներդրումները, իրենց ձեռքով կառուցել ամեն բան՝ ավելի ուժեղ, ապահով Գորիս ունենալու ցանկությամբ։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո Գորիսը դարձել է Հայաստանի հարավի դարպասը, առաջնագիծ։
Զբոսաշրջային այս սեզոնին զբոսաշրջիկների պակաս կա։
«Դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Քաղաքական իրավիճակով պայմանավորված նաև ռուսաստանցի զբոսաշրջիկներն են պակասել։ Նախորդ տարիների համեմատ, այս տարի հատուկենտ ռուսներ են եկել։ 2020-ից հետո էլի չենք կոտրվել, մտածել ենք ինչ որ բան դեպի լավը կփոխվի։ Սակայն, 2023-ին՝ Արցախի կորստից հետո, Գորիսը հայտնվեց անկլավային իրավիճակում, կորցնելով Կապան-Իրան խաչմերուկային դիրքը»,- MediaHub-ին ասում է Արտաշես Թորոսյանը։
3 կողմից ադրբեջանցիներով շրջափակված Գորիսում հավատում են, որ մղձավանջը կավարտվի։ Սահմանագծման ու սահմանազատման գործընթացին հետևում են լուռ, բայցև չեն թաքցնում՝ քանի ադրբեջանական զորքը հետ չի քաշվել Սև լճի տարածքից, ոչինչ առաջվանը չի լինելու։
Հունան Թադևոսյան