Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով զոhերից 3-ն ունեցել են ռուսական անձնագիր․ այլ մանրամասներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավիավթարի հետևանքով զոհված 3 մարդ ունեցել են ռուսական անձնագրեր, ևս մեկ ուղևորի մասին տեղեկությունը ստուգվում է, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրել են ԶԼՄ-ները։
«Այս ավիավթարի երեք զոհերը, ըստ մեր դեսպանության, ունեն ռուսական անձնագրեր։ Ինչ վերաբերում է մեկ այլ անձի՝ չորրորդին, նա կարող էր ունենալ ռուսական անձնագիր, այս տեղեկատվությունը ներկայումս ստուգվում է»,- ասել է դիվանագետը։
Վաշինգտոնում ուղղաթիռի հետ բախված, ապա գետն ընկած ինքնաթիռի երկու «սև արկղեր» հայտնաբերվել և դուրս են հանվել Պոտոմակ գետից, գրել է ABC-ն։
Հունվարի 30-ին American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդ էր բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից ու Վաշինգտոնում վայրէջք կատարելիս բախվել էր ռազմական ուղղաթիռի։ Օդանավերն ընկել էին գետը։ Բոլոր ուղևորները՝ 67 մարդ, զոհվել են։ Զոհերի թվում կան նաև ռուս գեղասահորդներ։