Գյումրու ճակատագրին ուրիշներն էլ կարժանանան, Մի նախարարը մյուսից տեղյակ չէ. Մամուլը՝ սուրճով

Գյումրու ճակատագրին ուրիշներն էլ կարժանանան, Մի նախարարը մյուսից տեղյակ չէ. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ Առողջության համընդհանուր ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի․ երեկ ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2025-ի բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։ «Գտել ենք, որ նախապատրաստական որոշակի աշխատանքներ պետք է արվեն՝ համակարգը սահուն ներդնելու համար: Կարծում ենք, որ պետք է ավելի լավ նախապատրաստվենք՝ ոլորտի բարեփոխումներ, թվային համակարգեր, ռիսկերի կառավարում, հիվանդանոցային կարողություններ: Երբ համակարգը ներդրվի, կտրուկ կբարձրանա առողջապահական ծառայությունների պահանջակը»:

Մինչդեռ բառացիորեն 3 օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հ1-ի եթերում ասել էր, թե ամեն ինչ սահուն ընթանում է․ «Բազմաթիվ տարաբնույթ քննարկումների եւ աշխատանքային բանակցությունների արդյունքում, կարծես թե, կոնսենսուս կա՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի փուլերի ներդրման ձեւաչափի մասով… Այժմ կառավարությունում քննարկում ենք, թե արդյոք 2025-ի բյուջետային հնարավորությունները թույլ կտա՞ն գործարկել առաջին փուլը, թե՞ 2026-ին գործարկենք»։

Իսկ ավելի վաղ էլ հայտարարել էր, որ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործի այն քաղաքացիների համար, որոնք այսօր պետպատվերի շահառու են, հետո դրա ժամկետն էլ ձգձգվեց: Փաստորեն, մի նախարարը մյուսից տեղյակ չէ։

Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննությունը նրանց հոր ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթի հետ է կապված եղել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը նեկայացնում է, թե ինչ է իրավապահներին պատմել ՔՊ-ական պատգամավորի եղբայր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը:

«Հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 22-ին՝ ժամը 00:17-ին, իմ ֆեյսբուքյան էջին Messenger հավելվածով ինձ անհայտ եւ անծանոթ՝ «Ռոբերտ Կասյան» ֆեյսբուքյան էջի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հերդ վնաս ա տվել իմ ընտանիքին, էլի եք տրաքելու», որից հետո իմ եւ իմ ընտանիքի հասցեին տվյալ օգտատերը հնչեցրել է հայհոյանքներ, որոնք ես ջնջել եմ նամակագրությունից: Արձագանքելով՝ հարցրել եմ՝ ինչ վնասի մասին է խոսքը, սակայն նա կրկին շարունակում էր նույն բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկել, նույնիսկ նշել է. «Էն պայթյունը հիշո՞ւմ ես, խելոք մնացե՛ք, գոնե»:

Այս ամենից հետո ես այդ հաղորդագրությունը ուղարկողին հարցրի, թե նա ինչ կապ ունի այդ պայթյունի հետ, իսկ վերջինս պատասխանեց կրկին նույն ոճով՝ նշելով. «Դրա հետ դուք կապ ունեք, ես քեզ ասում եմ՝ հանգի՛ստ մնացեք»:

Հայտնում եմ, որ ես միանգամից ենթադրեցի, որ 2022 թվականի օգոստոսի 31-ին Ն. Զարյան 42/2 հասցեում գտնվող եւ հորս՝ Զարեհ Սարգսյանին պատկանող յուղման կետի պայթյունի դեպքի մասին է խոսքը, քանի որ որեւէ ուրիշ պայթյուն տեղի չի ունեցել, հետեւաբար ենթադրում եմ, որ այդ հաղորդագրություններն ուղարկող անձը ինչ-որ առնչություն կարող է ունենալ վերոնշյալ պայթյունի դեպքին, սակայն թե ով կարող է լինել, ես ոչինչ չեմ կարող հայտնել, նույնիսկ այդ օգտատիրոջ տվյալներն ինձ ծանոթ չեն, առաջին անգամ եմ տեսել, նման անուն-ազգանունով անձի չեմ ճանաչում: Հայտնում եմ, որ ես կամ իմ ընտանիքը որեւէ մեկի հետ թշնամական հարաբերութունների մեջ չենք, հետեւաբար չեմ կարող ասել, թե ով կարող էր նման արարք կատարել, որեւէ մեկին ես չեմ կասկածում:

Նշեմ, որ այս պայթյունի վերաբերյալ նամակագրությունից հետո շարունակում էր հաղորդագրություններ ուղարկել, նաեւ հարցրեց՝ Երեւանո՞ւմ եմ, թե՞ ոչ, որ երկրից դուրս գալու դեպքում՝ իրեն գրեմ: Ինքը կասի, կգան ինձ հետ հանդիպելու եւ ամեն ինչ կբացատրեն, եւ որ դա ինձ է պետք, իրեն պետք չէ: Ինչ-որ մարդիկ կհանդիպեն եւ կպատմեն ամեն բանի մասին:

Հայտնում եմ, որ այս ամենից հետո որեւէ կասկածելի անձ ինձ չի գրել, չի անհանգստացրել»»:

 

«Հրապարակը» գրում է․

Անցած շաբաթ Սիսիանում իշխանափոխության համար ՔՊ-ին, պարզվում է, օգնել է իրեն ընդդիմադիր հռչակած «Քաղաքացու որոշում» խմբակցությունը: Քանի որ նախկին քաղաքապետ Արմեն Հակոբջանյանի պարտադրված հրաժարականից հետո ՔՊ Սիսիանի ավագանին 13 անդամով չէր կարող նոր քաղաքապետ ընտրել, քանզի 14 ձայն էր հարկավոր: 34-ամյա նախկին առաքիչ Հովսեփ Առաքելյանին Սիսիանի համայնքապետ է դարձրել ՔՈ խմբակցության ավագանի Հայկ Հակոբյանի մեկ ձայնը: Բայց այդ ձայնը հենց այնպես չի նվիրվել նորընծա համայնքապետին, խոսվում է, որ դրա դիմաց պաշտոն են խոստացել Հայկ Հակոբյանին։

Ի դեպ, խոսվում է, որ նախկին քաղաքապետին հեռացնելու պատճառներից մեկն էլ այն էր, որ թույլ էր, չէր տիրապետում իրավիճակին, բացի այն, որ իր հովանավոր Կարեն Համբարձումյանի կամքին դեմ էր գնացել, ՔՊ առաջնորդները վստահ են եղել, որ նա չի ձգի առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ ՔՊ-ի համար ձայներ չի կարողանա հավաքել: Իշխող թիմում չեն բացառում, որ առաջիկայում Սիսիանի եւ Գյումրու ճակատագրին այլ համայնքներ էլ կարժանանան, այսինքն իշխանությունը խլելու գործընթացը շարունակվելու է, քանի որ տեղերում իշխանություն չունենալու պարագայում դժվար կլինի 2026-ին վերարտադրվելը։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի նախկին մարզպետ, մի անգամ այդ պաշտոնից հեռացված, Գյումրու ՔՊ կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանին նշանակում են Գյումրու համայնքապետի ԺՊ, իսկ ընտրություններն անցկացվելու են եկող տարի։