ՌԴ-ն ուշադիր հետևում է ՔՊ-ի «մեղրամսին»՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ

ՌԴ-ն ուշադիր հետևում է ՔՊ-ի «մեղրամսին»՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

ՌԴ-ն արցախյան խնդիրը պահում է իր ուշադրության կենտրոնում, որպեսզի ՔՊ-ականներն ու նրանց առաջնորդը նոր զիջումների չգնան Ադրբեջանին և այդ զիջումների համար չմեղադրեն Մոսկվային կամ «նախկիններին»:

Հայ-ռուսական հարաբերությունները ՔՊ-ի օրոք խաթարված են՝ ՌԴ-ի համար 2018թ.-ի թավշյա կամ գունավոր հեղափոխությունը ցանկալի չէր, քանի որ դրանից հետո ՀՀ-ում իշխանության եկան այնպիսի ուժեր, որոնք փորձեցին փոխել Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք և հայ-ռուսական կապերի մեջ սեպ խրել:

Այսօր էլ Մոսկվան չի վստահում ՔՊ-ական իշխանություններին, քանի որ Արևմուտք-ՌԴ «սառը պատերազմի», ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան ցանկանում է հստակություն մտցնել՝ ովքեր են ՌԴ-ի դաշնակիցները, իսկ որ երկրներն են, որոնք կարող են Արևմուտքի դրդմամբ դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց և 180 աստիճանով շրջվել դեպի ԵՄ, ԱՄՆ և ՆԱՏՕ:

Այս տեսանկյունից ՌԴ-ն անընդհատ ձեռքը պահում է պուլսին, այդ թվում արցախյան հարցում, որպեսզի ՔՊ-ի «մեղրամիսը» Թուրքիայի և Ադրբեջանի հետ չհարվածի ՌԴ-ի գեոպոլիտիկ շահերին:

ՀՀ-ում գործում են բազմաթիվ ուժեր, որոնք հակառուսական քարոզչություն են իրականացնում և անգամ ցանկանում են ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, դուրս հանել ռուսական զորքերը Հայաստանից՝ չգիտակցելով այդ քայլի աղետալի հետևանքները Հայաստանի ու Արցախի, հայ ժողովրդի համար: ՔՊ-ն չի կանխում այդպիսի ուժերի գործունությունը Հայաստանում, ինչն էլ Մոսկվայի կողմից գնահատվում է, որպես այդպիսի հակառուսական ակցիացներին լուռ աջակցություն:

Վահրամ Բագրատյան