Բանակցո՞ղ, թե՞ «մեխի գլուխ»...

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը, թերևս, ամենասկանդալայինն էր: Փաշինյանն, ըստ էության, ասում էր, որ Հայաստանը վերջնականապես հրաժարվում է Արցախից, ավելին՝ գեներացնում էր հակաղարաբաղյան թեզեր, անգամ կենցաղային մակարդակի վրա, ու մեր հայրենակիցներին հորդորում էր՝ հույս չդնել միջազգային աջակցության վրա:
Սակայն մենք կանդրադառնանք ասուլիսի ընդամենը մեկ դրվագի վրա, որը վերաբերում է բրյուսելյան վերջին բանակցություններին, մասնավորապես ԵՄ նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որով նա արցախցիներին ցույց տվեց «փրկության» ճանապարհը՝ մատնանշելով Աղդամը:
«Բանակցային սեղանի շուրջ Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարց չեմ քննարկել», - երեկ ասել է Փաշինյանը՝ շեշտելով՝ ինքն այդ մանդատը չունի։ Հարցին, թե Շառլ Միշելի հայտարարության այդ կետն անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանել է. «Անակնկալ չէր, բայց ես նման հարց չեմ քննարկել»:
Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ այնքան անզոր է եղել, որ ի հեճուկս իր դիրքորոշման, Միշելն ու Ալիևը հսմաձայնեցրել են մի հակահայկական դիրքորոշում, որին նա հարկադրված համաձայնել է:
Եթե հայկական կողմի համաձայնությունը չլիներ, Միշելի ամփոփիչ հայտարարության տեքստում այդ ձևակերպումը տեղ չէր գտնի կամ առնվազն՝ հայտարարության հրապարակումից հետո, վարչապետի գրասենյակը կամ ԱԳՆ-ն կներկսյացնեին պաշտոնական Երևանի վերապահումը:
Ասուլիսի միայն այս դրվագը բավարար է, որպեսզի Փաշինյանը հրաժարական տա կամ նրա նկատմամբ նախաձեռնվի անվստահության գործընթաց:
Վահրամ Բագրատյան