Տեսչական մարմնի հայտնաբերած 17 խախտումներից 12-ի մասով բավարարվել են պահանջները. Մալաթիայի շուկայի տնօրինություն

Տեսչական մարմնի հայտնաբերած 17 խախտումներից 12-ի մասով բավարարվել են  պահանջները. Մալաթիայի շուկայի տնօրինություն

Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ: Այս մասին ասվում է Մալաթիայի տոնավաճառի տնօրինության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է news.am-ը։

«Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը որոշում է ընդունել կասեցնել տոնավաճառի գործունեությունը, տոնվաճառի տնօրինությունը ցանկանում է տալ բացատրություն հանրությանն ավելի ճշգրիտ տեղեկատվությամբ ապահովելու նպատակով:

Նախ և առաջ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերը նշված տեսչական մարմնին իր գործունեության մասով:

Տոնավաճառի տնօրինությունը ցանկանում է տեղեկացնել, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերված 17 հակահրդեհային պարտադիր կանոնների պահպանման խախտումներից 12-ի մասով լիարժեք բավարարել ենք տեսչական մարմնի պահանջները, մնացածի մասով ներկայումս կատարվում են աշխատանքներ: Ցանկանում ենք հայտնել նաև, որ տոնավաճառի տնօրինությունը դիմել էր տեսչական մարմնին, որպեսզի վերջինս մեկ անգամ ևս կատարի ստուգում տոնավաճառի տարածքում և կազմի համապատասխան արձանագրություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Նշված աշխատանքների կատարումը հաստատվել է երկկողմանի ստորագրված արձանագրությամբ, իսկ մնացած մասով պատրաստակամ է եղել ավարտին հասցնել մնացած աշխատանքները, դիմել է նույնիսկ տեսչական մարմնին` ակնկալելով նրանց կողմից համապատասխան մասնագետի խորհրդատվություն:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ այժմ էլ հրավիրել ենք մասնավոր հատվածից համապատասխան մասնագետ և ակտիվ շարունակում ենք աշխատանքները:

Հաշվի առնելով այսօր մամուլում տեղ գտած մի շարք իրականությանը չհամապատասխանող հոդվածներ, հանրությանը թյուրըմբռման մեջ չգցելու նպատակով, խնդրում ենք, մեր հարգարժան լրատվամիջոցներին հրապարակել միմյայն հավաստի տեղեկատվություն: Տոնավաճառի տնօրինությունը պատրաստ է տալ ցանկացած տեղեկատվություն վերոնշյալ աշխատանքների մասին, ինչպես նաև հրավիրում է տեղում ծանոթացնելու իրավիճակին և կատարված աշխատանքներին»: