«Не опять, а снова»․ կրկին շոգ ամառ ու կրկին «Վեոլիա Ջուր»–ն իր ջրանջատումներով

MediaHub-ն ընթերցողներից բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ երեկոյան ժամը 21:00-ից կամ 23:00-ից սկսած իրենց տարածքում ջրանջատումներ են լինում, և մարդիկ ողջ գիշեր, այս շոգին, մնում են առանց ջրի: Մասնավորապես, ամենից շատ ահազանգում են Ավանի, Արաբկիրի, Աջափնյակի, Նոր Նորքի և Էրեբունու բնակիչները:
Հասկանալու համար, թե ո՞րն է պատճառը, MediaHub-ը նախ ուսումնասիրեց «Վեոլիա Ջուր» ընկերության կայքը, որտեղ ջրանջատումների մասին հաղորդագրություններ կան։
Մասնավորապես, ներկայացված է գրաֆիկ ոչ միայն աշխատանքներով պայմանավորված, այլև այլ ջրանջատումների մասով: Նշվում է, օրինակ, մայիսի 1–ից սեպտեմբերի 15-ը ընկած հատվածում ժամը 24:00-ից մինչև 7:00–ն ո՞ր վարչական շրջաններում կլինեն ջրանջատումներ:
Տարեցտարի «Վեոլիա Ջուր» ընկերությունը շարունակում է իր ավանդույթ դարձած քաղաքականությունը՝ ամառվա ամենաշոգ ժամանակահատվածում մարդկանց թողնել առանց ջրի: Եվ որևէ հստակ բացատրություն, թե ինչով է դա պայմանավորված, չկա: Մեզ ահազանգած ընթերցողներից մեկը փոխանցեց, որ որպես բացատրություն ասել են՝ երեկոյան ժամերին ջրի խնայողության պատճառով են ջրանջատումները լինում։ Սակայն, նույն քաղաքացին սեփական բացատրությունն ուներ տարեց-տարի կրկնվողին՝ համայնքների ջրավազաններով առանձնատներում լողավազանները լցնելու պատճառով է, որ բազմաբնակարան շենքերի բնակիչների մոտ ջուր չկա։ Իսկ Նոր Նորքում ընդհանրապես այս վիճակը ձևավորվել է այն օրվանից, ինչ բացվեց «Ջրաշխարհը» և ամեն տարի ամռանը մարդիկ մնում են առանց ջուր կամ այնքան վատ ջրի հոսք են ունենում, որ բարձր հարկերին ջուր չի հասնում նույնիսկ այն ժամերին, երբ ջրանջատումներ չկան:
MediaHub-ը կապ հաստատեց նաև «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի քարտուղար Զառա Նազարյանի հետ, վերջինս նշեց, որ այս պահին հստակ չի կարող ասել՝ ջրանջատումների պատճառները որոնք են, քանի որ դա կախված է, թե որ շրջաններում ինչ աշխատանքներ են տարվում: Ապա հորդորեց գրավոր հարցում ուղարկել։
Մեզ մնում է հավելել, որ «Վեոլիա Ջուր»–ը ամեն տարի չի կարողանում բացատրել, թե ինչո՞ւ է ջրի խնայողությունը լինում ամենաշոգ ժամանակահատվածում, ինչո՞ւ են քաղաքացիների իրավունքները ոտնահարվում, և նրանք մնում են առանց ջրի: Համոզված ենք, որ նույնը լինելու է նաև մյուս տարի և այդպես շարունակ, քանզի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն այս երկրում որևէ մեկին չի հետաքրքրում՝ ո՛չ պետական, ո՛չ մասնավոր ընկերություններին:
Մարիաննա Արամյան