Ցանկացած սցենարի պատրաստ ենք․ ԲՀԿ-ականը՝ քաղաքապետի հավանական հրաժարականի մասին

Ցանկացած սցենարի պատրաստ ենք․ ԲՀԿ-ականը՝ քաղաքապետի հավանական հրաժարականի մասին

Մամուլում շրջանառվում են լուրեր, թե գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հնարավոր է այս ամսվա ընթացքում հրաժարական տա, ու մայիսին տեղի ունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

Հետո նաև եղան տեղեկություններ, թե իշխանությունները ռիսկերն են հաշվարկում, և, ըստ ամենայնի, հրաժարականն այս ամիս տեղի չի ունենա, քանի որ ՔՊ-ի ընտրվելու շանսերն այնքան էլ մեծ չեն։ 

MediaHub-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նշեց, որ չի կարող հերքել կամ հաստատել այս տեղեկությունները, քանի որ թե՛ քաղաքապետարանում, թե՛ քաղաքապետարանից դուրս ծանոթ է միայն այն խոսակցություններին, որոնք շրջանառվում են մամուլում։ 

«Քաղաքապետարանում էլ օդում կախված լուրեր են․ պաշտոնական ոչինչ չկա, այս պահին նույնիսկ 99 տոկոսով տեղեկություն չկա։ Նմանատիպ թեմա էր շրջանառվում նաև մի քանի ամիս առաջ, չեմ փորձի հիմա մեկնաբանել, քանի որ այս լուրերի պաշտոնական լինելը մոտ ապագայում պարզ կլինի։ Ըստ մամուլի՝ փետրվարի 14-ի կողմերը հստակ պատասխան կլինի»,-ասաց նա։ 

Հարցին՝ արտահերթ ընտրություններ կամ նույնիսկ հերթական ընտրությունների պարագայում

ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում ունի, վերջինս պատասխանեց․

«Երկու դեպքում էլ բավականին ժամանակ կա. եթե Սարգսյանը հրաժարական տա և գնանք արտահերթ ընտրությունների սցենարով, ապա մենք բավականին ժամանակ ունենք, որպեսզի որոշենք մասնակցում ենք, թե ոչ։ Կուսակցությունում էլ՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քննարկումներ կան, երբ հստակ որոշում լինի, պարտադիր տեղյակ կպահենք»։ 

Մանրիկյանի խոսքով՝ այս պահին աշխատում են ըստ օրակարգի, սակայն պատրաստ են ցանկացած սցենարի։ 

«Կուսակցությունը մոտ ապագայում կներկայացնի իր անելիքները»,- հավելեց նա։

Լիաննա Թորոսյան