Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը․ՀՌՀ-ն չեղարկել է արգելքը

Հունվարի 25–ին Sputnik Արմենիան 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, որ «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիայի չեղարկման կասեցումը վերացվի։
«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,–ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
ՀՌՀ–ն նշել է, որ այն նվազագույն պահանջները, որոնք պետք է կատարվեին, որպեսզի կասեցումը վերացվեր, կատարվել է։
Հակոբյանն ընդգծել է, որ բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։ «Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան և զրկել «Տոսպա»–ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,- նշել է նա։
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին որոշել էր 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Ընկերությունը նաև տուգանվել է 500 հազար դրամով։
ՀՌՀ–ի որոշման պատճառն «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2023 թվականի նոյեմբերի 17-ի հաղորդումն է եղել։ Ըստ հանձնաժողովի՝ հեղինակը հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ է թույլ տվել։ Իսկ տուգանքը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի՝ «Աբովյան Time» հեղինակային հաղորդման հետ, որում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված տեղեկություններ։