Պեգասուսը գործի է անցել․ ինչպե՞ս պաշտպանել հեռախոսը վարակվելուց

Պեգասուսը գործի է անցել․ ինչպե՞ս պաշտպանել հեռախոսը վարակվելուց

Այս գիշեր Iphone օգտագործող մի շարք քաղաքացիներ Apple-ից ծանուցում են ստացել, որ իրենց հեռախոսները «վարակելու» փորձ է եղել։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով վերջին ծանուցումներին, MediaHub.am-ի հետ զրույցում ասաց՝ հարձակում միշտ էլ լինում է, պարզապես Apple-ն ինչ-որ հեռախոսների դեպքում կարողանում է հասկանալ, որ վարակման փորձ է եղել։

«Իհարկե, Apple-ը հստակ չի կարող նշել՝ վարակում եղել է, թե ոչ, բայց հաստատ ցույց է տալիս, որ հեռախոսի վրա հարձակում եղել է։  Հայաստանում հիմնականում այդ նամակը եթե գալիս է, ապա դա նշանակում է, որ եղել է Պեգասուսի վարակման փորձ, կամ վարակում։ Բայց պետք է հասկանալ նաև, որ եթե նամակը եկել է, դեռ չի նշանակում, որ վարակումը եղել է այդ կամ նախորդ օրը, լինում են դեպքեր, երբ նամակը գալիս է երեք տարի առաջ եղած դեպքով։ Հիմա այս գիշեր էլի բազմաթիվ մարդիկ ստացել են այդ նամակները, ու հիմա մենք ուսումնասիրում ենք՝ հասկանալու, թե արդյո՞ք վարակումներ եղել են»,- ներկայացրեց Սամվել Մարտիրոսյանը։ 

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր պաշտպանել հեռախոսը նման հարձակումներից, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ բարդ թեմա է, քանի որ Պեգասուսը թանկ հաճույք է, և սովորաբար վարակում են քաղաքական գործիչների, հանրային անձանց հեռախոսները, և դա, ամենայն հավանականությամբ, արվում է Ադրբեջանի կողմից։

«Բայց այսօր նաև մարդկանց հեռախոսներ են վարակվում, որոնք հանրային կերպար չեն, պետական պաշտոնյա չեն։ Նման դեպքերը շատ չեն, բայց կան։ Մենք ենթադրում ենք, որ այդ մարդու հետ ինչ-որ կապ է եղել, կամ այդ մարդը նախկինում եղել է քաղաքականության մեջ, կամ աշխատել է պետական կառույցում, վարակումն էլ հենց այդ ժամանակ է եղել»,- նշեց մեդիափորձագետը։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ վարակումը լինում է մարդուց անկախ, այսինքն՝ հնարավոր չէ հասկանալ, որ քեզ վարակել են։

«Բացի այդ, 100%-անոց պաշտպանություն չկա, կա մի քանի կարևոր բան, որ կարելի է անել և նվազեցնել ռիսկերը։ Դա հեռախոսը միշտ թարմ պահելն է, «Լockdown mode»-ն միացնելն է, դա անվտանգության բաժնից ես միացնում, և իհարկե, հեռախոսը հաճախ միացնել-անջատել»,- ամփոփեց խոսքը Սամվել Մարտիրոսյանը։

Նարե Գնունի