Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Աբրահամյան

Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Աբրահամյան

Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները: Դրանում վստահ է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա հավաստմամբ՝ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում մեծ թվով հարցեր կլուծվեին, թշնամու ներթափանցումը կկանխվեր:

«Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումը, այն ուներ կոնկրետ հաշվարկ: Ո՞ր հատվածում տեղադրել, ի՞նչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել, և այլն: Գլխավոր խնդիրն այն էր, որ, անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից, շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք, չվերահսկվող տարածք չլինի:

Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ, համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլև ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար:

Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում:

Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում մեծ թվով հարցեր կլուծվեին, թշնամու ներթափանցումը կկանխվեր:

Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կան: Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները», - ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը: