ԵՄ-ական կլոունադա ԱԺ-ում, ՌԴ-ական չոր թվեր. Փաշինյանը կփոխի արտաքին վեկտորը

ԵՄ-ական կլոունադա ԱԺ-ում, ՌԴ-ական չոր թվեր. Փաշինյանը կփոխի արտաքին վեկտորը

Վերջերս ավելի ակնհայտ է դառնում, որ թեև Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության ներկայացուցիչներն անուղղակի կամ ուղղակիորեն, տողատակերով կամ բացահայտ Ռուսաստանին մեղադրում են իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն թվերը խոսում են հակառակի մասին, օրինակ՝ ԵԱՏՄ-ում 2024 թ. առաջին եռամսյակում տնտեսական աճի ամենամեծ տոկոսը բաժին է ընկել Հայաստանին։

Բացի այդ, չնայած ՀԱՊԿ-ի դեմ ուղղված դեմարշին, և՛ Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին, Ռուսաստանը վստահ շեշտում է՝ Հայաստանը շարունակում է մնալ իրենց դաշնակիցը։ Հայաստանը դա չի առարկում:

Այդպես, նախօրեին ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, հիշեցնելով 7,3 միլիարդ դոլարի համատեղ ապրանքաշրջանառությունը, շեշտել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է։

Դեմարշը դեմարշով, բայց իրական գործողությունները ավելի խոսուն են: Այդպես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի: Սա էր պատասխանը կարկառուն արևմտամետների ջանքերին: Ստացվում է՝ ԵՄ-ն դեռ հեռու հեռանկար է, իսկ ՌԴ-ն ու ԵԱՏՄ-ն՝ «здесь и сейчас» դաշնակից:  

Կարելի է արդյո՞ք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը նորից փոխում է վեկտորը և փորձ է անելու սիրաշահել ՌԴ-ին՝ հստակ գիտակցելով, որ ԵՄ-ում մեզ չեն սպասում․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

Վերջինս համաձայն չէ. «Ես կարծում եմ՝ ո՛չ, Նիկոլ Փաշինյանը իր իշխանության վեկտորը չի փոխել»:

Հանրաքվեի շուրջ քննարկումները ԱԺ-ում Պողոսյանը որակեց կլոունադա: Իսկ ինչո՞ւ հանկարծ դա սկիզբ առավ։ «Ցանկացած մարդու հայտնի է՝ եթե չկա առաջարկ, ի՞նչ իմաստ կա դրա մասին հանրաքվե անցկացնել։ Արդյո՞ք ԵՄ–ն առաջարկել էր, և մենք պետք է հարցնեինք մեր ժողովրդի կարծիքը այդ առաջարկն ընդունելու կամ չընդունելու համար, բնականաբար՝ ո՛չ»,– ասաց Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ Աժ–ում արհեստածին քննարկում էր, որի նպատակը, ենթադրաբար, ուներ երկու կարևոր թիրախ. «Ներքին ՝ հանրությանը համոզելու, որ գնում ենք դեպի պայծառ ապագա՝ ԵՄ, հենց այս իշխանությունների շնորհիվ, իսկ հաջորդը ուղղված էր արտաքին աշխարհին, մասնավորապես ՌԴ–ին, որ «եթե մեր վրա ճնշումներն ավելանան, մենք պատրաստ ենք մեր վեկտորը միանգամից փոխել դեպի Եվրոպա»»։

«Մյուս կողմից, սա ուղղված էր նաև Արևմուտքին, որ մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ և ակնկալում ենք ձեր աջակցությունը, բայց սա չէր կարող լինել վեկտորի ընտրություն»,– ասաց Պողոսյանը։

Կրկնեց՝ սա վեկտորի փոփոխելու մասին չէր, այլ ընդամենը ներքին և արտաքին ինչ–որ խնդիրներ լուծելուն ուղղված գործընթաց էր և ոչ ավելի։

«Ներքին լսարանի համար իշխանությունները փորձում են Ադրբեջան թշնամի կերպարի փոխարեն ստեղծել նոր կերպար՝ Ռուսաստանի դեմքով։ Ներքին քաղաքական օրակարգերը սպասարկելու համար, ժամանակ առ ժամանակ, օգտագործվում է Ռուսաստանի դեմոնիզացված կերպարը։ Հաջորդը՝ արտաքին, Հայաստան–Արևմուտք  և Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում, բնականաբար, բախվում են իրողությունների հետ, իրողությունն այն է, որ անհնար է այդ տարածաշրջանային իրողությունները հաշվի չառնելով՝ մնալ որպես իշխանություն և ունենալ, առհասարակ, պետականություն, հատկապես, այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում»,– եզրափակեց Պողոսյանը։

Մարիաննա Արամյան