Փաշինյանն «անտեսո՞ւմ է» Տիգրանաշենը․ «Տիգրանաշենն անկլավ է, այդտեղ ի՞նչ կա քննարկելու»

Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը, որը Պարույր Սևակ խոշորացված համայնքի թաղամաս է համարվում 2002 թվականից, մեծ հավանականությամբ հանձնվելու է Ադրբեջանին։ Այսպիսի մտահոգություն են հայտնում Տիգրանաշենի բնակիչները՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի՝ մեկ տարի առաջ արված հայտարարությունը։
2023 թվականի մայիսի 22-ին նա հրապարակային ասել է, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։
Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ իր թիմով՝ կառավարության ներկայացուցիչներով, պատգամավորներով, այցելել էր Արարատի մարզ, շրջել տարբեր համայնքներում, սակայն տարօրինակ կերպով Տիգրանաշեն չի այցելել, որը վերջին ժամանակներում հանրային քննարկման օրակարգի առանցքում է՝ որպես Ադրբեջանին հանձնվելիք «անկլավ», գրել էր «Հրապարակը»։
Ինչո՞ւ էր «անտեսել» Փաշինյանը այդքան բուռն քննարկումների առարկա դարձած Տիգրանաշենը, արդյո՞ք պլանավորում է առանձին այցելի Տիգրանաշենը․ MediaHub-ը զրուցեց Տիգրանաշենի գյուղապետ Լյուդվիգ Ստեփանյանի հետ։
«Նպատակային այցն եղել է մարզում, շատ տեղեր չեն մտել, մի քանի բնակավայր են այցելել, բնակիչների հետ հանդիպում է ունեցել, բայց դա չի նշանակում, որ այն բնակավայրերը, որ չի մտել, այդ բնակավայրերի հետ հարց կա»,– ասաց Ստեփանյանը։
Իսկ հարցին, թե պլանավորվո՞ւմ է մոտ ապագայում Փաշինյանի այցը Տիգրանաշեն, գյուղապետը ասաց, որ եթե այցելելու կարիք լինի կամ հարց լինի, նա վստահ է, որ կայցելեն։
«Այդպիսի խոսակցություն չկա, որ մոտ ժամանակ կայցելեն, օրինակ՝ Սուրենավան էլ չի այցելել, այսինքն, ի՞նչ, Սուրենավանի հետ խնդիր կա՞։ Տիգրանաշենի մասով ինչ կա, պետական մակարդակով խոսում են, ժողովրդից չեն թաքցնում, ինչը ռեալ գոյություն ունի, թափանցիկ ձևով ժողովրդին ներկայացնում է Փաշինյանը»,– նշեց Տիգրանաշենի գյուղապետը։
Անգամ հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի մասի և «անկլավի» մասին՝ Ստեփանյանը վստահությամբ ասում է․ «Ինչ կա, ասվում է, եթե շեշտվել է, որ Արծվաշենը ու Տիգրանաշենը անկլավ են, այդտեղ ի՞նչ կա քննարկելու, ինչ կա, ասված է»։
Մարիաննա Արամյան