«Տեսնես քաղաքապետարանում գոհ ե՞ն», «Ավինյան, մի հատ էլ Մասիվ մետրո բեր». Նոր Նորքն ընդվզում է

Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանը «ուրախացրեց» վարորդներին. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կատարվեց Գայի պողոտայում և այսուհետ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Առանց այդ էլ խցանումների մեջ խեղդված Երևանում, այն էլ Նոր Նորքը կենտրոնին կապող, օրվա ցանկացած ժամի գերծանրաբեռնված ճանապարհահատվածում այս փոփոխությունը նոր բարդություններ առաջ քաշեց մարդկանց առջև, վարորդների համար նոր գլխացավանք դարձավ:
Ու դեռ ամառային արձակուրդներ են, այսինքն դեպի կենտրոն աշակերտների ու ուսանողների հոսք այս օրերին չկա:
Երևանի քաղաքապետարանի հասցեին հնչող քննադատությունը երեք օր է չի դադարում, հակառակը՝ համացանցը ողողված է ամեն օր աշխատանքի ուշացող վարորդների ու քաղաքացիների դժգոհության խոսքերով ու գերատեսչությանն ուղղված “բարեմաղթանքներով”:
MediaHub-ը հավաքագրել է քաղաքացիների հիմնական մեկնաբանությունները և սիրով ներկայացնում է դրանք Երևանի քաղաքապետարանին (թեև վստահ ենք, որ հասցեատերը դրանց ծանոթ է, մի մեծ չափաբաժին էլ ստացել է Թեժ գծով): Այո՛, ամեն նորամուծություն պետք է հանրության գնահատականին արժանանա, բայց այս դեպքում այդ արձագանքը ավելին է, քան հնարավոր էր պատկերացնել:
«Տեսնես քաղաքապետարանում գոհ ե՞ն էս իրենց նորամուծությունից։ Քիչ էր Նոր Նորքում խցանումները, հիմա էլ մի գիծ փակել են ավտոբուսների համար։
«Սարսափում եմ պատկերացնել, թե սեպտեմբերին ինչ է կատարվելու։ Վերացրե՜ք էս տխմարությունը»։
«Երևանի քաղաքապետարան, դուք ձեր արածից գո՞հ եք»:
«Հերթական անհեթեթությունը, որը կփակի ամբողջ այդ հատվածի բիզնեսների գործը։ Դե ում է հետաքրքիր դա: Հո՞ ձեր բիզնեսը չի, հո՞ ձեր ընտանիքի ներդրումները չի կորում: Մոտ 500 մլն դոլարից ավել ողջ երկայնքով սփռված բիզնեսը կորուստ կունենա տարեկան կտրվածքով։
Դրանք էլ են ծախելու գնան հուսահատ, բա հետո... հո բոլորը չեն, որ պետական փողերով իրանց տունը պահում, կան մարդիկ, որ քրտինքով ու իրանց ռիսկերով են պահում Հայաստանը»։
«Եթե մտածում են քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդկանց մասին, նրանց իրավունքների, բա վարորդների իրավունքներ ո՞վ պիտի պաշտպանի: Երկրորդ մասիվից ամեն օր Բաղրամյան հասնելս տևում էր ժամ, այսօր ժամ 40 րոպեում եմ հասել: Այսինքն ի՞նչ անենք հիմա, տեղ կա մի գիծա երթևեկելի մնացել, դա նորմալ չի»:
«Ես չեմ հասկանում, Նոր Նորքում ապրեղ Երևանի քաղաքապետարանի աշխատակից չկա՞, չեն ասում վերադասին՝ էս ի՞նչ եք անում, լավ, ոնց կարելի է սենց մարդկանց կյանքը ամեն օր բարդացնել: Բա որ մի գժի վրա վերանորոգման աշխատանք տարվի, ինչ ա՞ լինելու»:
«Ավինյան, Աջափնյակը որ պրծնեք, մի հատ էլ Մասիվներ մետրո բեր, սենց որ գնա՝ մենակ մետրոն մեզ կփրկի... էս ի՞նչ եք անում, լավ»:
«Ընտրություններին սրանցից պրծանք՝ դժվար էլ կարողանան հասնել Մասիվ, նենց որ քարոզարշավին չենք տենա: Իսկ եթե լուրջ՝ չե՞ք մտածում, որ ընտրությունների նախաշեմին նման որոշում կայացնելը, մեղմ ասած, հիմարություն է»:
Նմանատիպ մեկնաբանությունները բազմաթիվ են: Մեզ մնում է ավելացնել. «Хотели как лучше, получилось как всегда»...