Երևան և Ցինդաո քաղաքների միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր

Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հեռավար հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունը քննարկել են երկու քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների քարտուղարներ Մարկոս Հարությունյանն ու Անի Խաչատրյանը:
Ցինդաո քաղաքից ստորագրման արարողությանը մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:
Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնելու քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:
«Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբարություններ, իսկ այսօր ստորագրվող հուշագիրը ևս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու և ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը: Այս փաստաթուղթն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջև գործակցության բավական հետաքրքիր ուղղություններ: Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մեզ չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել քաղաքային տնտեսության կառավարման համակարգի ձեր փորձը»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունն իր հերթին նկատել է, որ համաձայնագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա բազմաոլորտ գործակցություն ծավալելու հարցում:
«Չինաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն արդեն 30 տարվա պատմություն ունի, և շատ կարևոր է, որ այսօր գործակցության հիմքեր են դրվում նաև քաղաքների և տեղական իշխանությունների մակարդակով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք փաստաթղթի լիարժեք կիրառմանը»,- նշել է Լիու Ծիանծունը:
Հանդիպման շրջանակում ելույթներով են հանդես եկել նաև Հայաստանում և Չինաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանները:
Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման մրցույթում հաղթող է ճանաչվել 6 կազմակերպություն
Ամփոփվել են դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով ԿԳՄՍՆ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով հայտարարած դրամաշնորհային մրցույթին հայտ է ներկայացրել 6 կազմակերպություն՝ «Հասմիկ ճամբար», «Արագած ճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց ճամբար» և «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան»:
Մասնագիտական խմբի ամփոփիչ նիստում, որը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել և գնահատել են պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերի համապատասխանությունը դրամաշնորհի պահանջներին: Մասնագիտական խմբի որոշմամբ՝ վերոնշյալ 6 կազմակերպություններին առաջարկվել է կնքել պայմանագիր:
«Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից մրցույթի հաղթող կազմակերպություններին տրամադրվելիք հատկացումները կկազմեն 375 մլն 600 հազար ՀՀ դրամ:
Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը:
Դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի 2022 թվականի հուլիսի 1-20-ը, 2-րդ հերթափոխը` 2022 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։