Հասարակությանը փոխելու համար անհրաժեշտ է հանրության երկու տոկոսի ակտիվությունը․ Դավիթ Հարությունյան

Մենք այս պահին ունենք անգործունակ Կառավարություն, թուլացած բանակ, բաժանված հասարակություն և բազում նման բացասական երևույթներ։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգ, հետպատերազմյան Հայաստան, Հայաստանի ներքին մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսօր ամենակարևորը հանրության խնդիրներին վերաբերող հարցերն են։
«Այստեղ մենք ունենք լրջագույն խնդիր։ Ես պայմանականորեն հանրությունն այսօր կբաժանեի պացիֆիստների և անտարբերների»,- ասաց Հարությունյանը։
Ըստ նրա՝ անտարբերների խմբում մեծ քանակ ունեն երիտասարդներն ու ինտելեկտուալները։
Իսկ երրորդ՝ ամենավտնագավոր խումբը, Դավիթ Հարությունյանի դիտարկամամբ, համակերպվողներն են, որոնք ընդունում են տեղի ունեցածը որպես ավարտված իրողություն։
«Նրանք կարծում են, որ հնարավոր չի ունենալ ապագա»,- նշեց նա։
Բացի այդ, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ աշխարհին պետք է ներկայանալ որոշակի հնարավորություններով։
«Մենք, հավանաբար պետք է ամեն ինչ սկսենք զրոյից, բայց դա ունի իր հետաքրքիր կողմը։ Մենք իսկապես պետք է որակապես լուրջ փոփոխության ենթարկվենք»,- ասաց նա, ապա հավելեց, որ դա դժվար իրագործելի է, բայց՝ հավանական։
Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե այդպես չլինի, ապա հայոց պետականությունը կդառնա պատմության մի մաս։
«Դրա համար պետք է ունենանք ակտիվ հասարակություն, դրանում էլ կուսակցություններն իրենց դերն ունեն։ Մենք պետք է որակապես նոր ճանապարհով գնանք՝ շեշտադրելով երիտասարդներին»,- ասաց նա։
Ըստ նրա՝ հասարակությունը փոխելու համար անհրաժեշտ է հասարակության երկու տոկոսի ակտիվությունը։