Երևանի քաղաքապետարանը թաքցնում է ծախսերը ավագանու անդամից

Երևանի քաղաքապետարանը թաքցնում է ծախսերը ավագանու անդամից

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևանի քաղաքապետարանը շարունակում է ավագանու անդամից թաքցնել համայնքային բյուջեից կատարված ֆինանսական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

Հիշեցնեմ, օրենսդրությամբ հենց ավագանուն է վերապահված քաղաքապետարանի կողմից կատարված ծախսերի վերահսկողությունը:
Իմ կողմից արվել էր երեք հարցում. 

1)մինչ օրս համայնքային բյուջեի հաշվին իրականացված գործուղումների վերաբերյալ
Ստացել եմ ցանկը, թե երբ ով ուր է մեկնել, սակայն բացակայում է տեղեկատվությունը, թե ՈՐՔԱՆ ԵՆ ԱՐԺԵՑԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻՆ տվյալ գործուղումները:
Այնինչ իմ դիմումում այդ պահանջը հստակ ձևակերպված էր:
2) Կենտրոն վարչական շրջանում իրականացված և իրականացվելիք բակերի բարեկարգման վերաբերյալ.
Ներկայացվել է մի տող առ այն, որ «2023 թ. ընթացքում Կենտրոն վարչական շրջանում բարեկարգվել է 6 բակ, իսկ  նախագծման փուլում է գտնվում 7 բակ»:
Բացակայում են բակերի հասցեները և ծախսված/ծախսվելիք գումարի, մրցութային փաթեթների մասին տեղեկատվությունը, որն էլ շարադրել էի դիմումի տեքստում:
3) Խնդրել էի տրամադրել տեղեկատվություն, թե համայնքի հաշվեկշռում թվով քանի՞ նախկին կաթսայատան շենք/շինություն կա, որքան գումար է ծախսվել դրանց սպասարկման համար և ուզել էի հասցեները:

Ստացել եմ ցանկը, որտեղ մի մասի հասցեները բացակայում են:
Այնինչ մի քաղաքացուց տեղեկատվություն էի ստացել, թե որոշ կաթսայատներում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացվում: Տեղեկատվությունը ստուգելու համար էլ անհրաժեշտ էին հասցեները:

Միևնույն ժամանակ, ըստ ինձ ներկայացրած պատասխանի
 «2022 թ. ծախսվել է 10036.5 հազ դրամ, իսկ 2023 թ. առաջին կիսամյակում՝ 5667.8 հազ. դրամ»:
Կիսամյակային կտրվածքով ծախսերի ավելացումը քաղաքապետարանը հիմնավորում է «սահմանված նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ»:

Թե ինչու է տեղեկատվությունը թերի տրվում, թաքցնելով ամենակարևոր մասերը, հետևություններ թող անեն երևանցիները, ում գրպանից արվել և արվում են այդ ծախսերը:

Իսկ ես նման պատասխանները համարում եմ ծաղր ավագանու ինստիտուտի հանդեպ»։