Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն, Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Հակոբյանի հետ ընթրիքին. Մամուլը՝ սուրճով

Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն, Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Հակոբյանի հետ ընթրիքին. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․

Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, վաղը` հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ: Հիշեցնենք․ ապրիլին էլ «հաջողակ կին բիզնեսմեններին» էր հրավիրել մեկ միլիոն դրամանոց ընթրիքի: Նախորդ ընթրիքը, հավանաբար, գոհացրել է կազմակերպիչներին, հիմա երկրորդն են կազմակերպել:

«Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակից տեղեկացանք, որ ընթրիքը կայանալու է հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին՝ «Լիվինգսթոն» ռեստորանում: Վճարումներն արվում են փոխանցումների միջոցով` մեկ անձի ներկայության արժեքը 1 միլիոն դրամ է, եւ եթե անգամ տվյալ կազմակերպությունից մեկից ավելի անձ է ցանկանում ներկա գտնվել ընթրիքին, յուրաքանչյուր անձ պետք է վճարի մեկական միլիոն դրամ: Մեզ հետ զրուցած աշխատակիցը նշեց. «Այս պահի դրությամբ 53 հայազգի հաջողակ տղամարդ փոխանցում է արել եւ մասնակցելու է ընթրիքին»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կրկին չընտրվեց արդարադատության նախարար, սակայն թեկնածուների շրջանակն աստիճանաբար ընդլայնվում է։

ՔՊ վարչությունում հուսահատության մեջ են. իրենց «սրտի» նախարարին չեն կարողանում գտնել, սակայն ամեն շաբաթվա նիստում կա նախարարի մի նոր թեկնածու, որին չեն ընտրում։ Այս անգամ ՔՊ վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Կընտրվի նա վարչության կողմից թե ոչ՝ դժվար է ասել՝ հաշվի առնելով նախկին նախադեպերը:

Տեղեկացնենք, որ Սրբուհի Գալյանը ՀՀ Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է։ Սա հենց այն ոլորտն է, որ սիրում է Նիկոլ Փաշինյանը, եւ դեռ հեղափոխության տարիներից վանկարկում էր՝ «Ո՛չ մի մուկ, ո՛չ մի ձուկ չի պլստալու»՝ նկատի ունենալով, թե պետությունից գողացվածը հետ է բերելու։

Ստացվում է դա այնքանով, որ Գալյանի կողմից կարգավորվող ոլորտի թիրախում ամեն օր նախկին պաշտոնյաներից որեւէ մեկն է, որոնցից պետք է բռնագանձեն գույքեր եւ միլիոնավոր դրամներ։ Կարծես թե, Գալյանը մոտ է «սրտի նախարար» դառնալու կոչմանը, բայց քանի դեռ չի նշանակվել, դժվար է ասել, որ հենց նա կլինի:

Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը որպես ԱՆ թեկնածու երեկ պետք է ընտրեր հետեւյալ թեկնածուներից՝ Եղիշե Կիրակոսյան, Արմենուհի Հարությունյան, Արփինե Սարգսյան, Գագիկ Ջհանգիրյան. սակայն վերջին պահին իրավիճակը բեկումնային եղավ, չընտրվեց ոչ ոք, առաջադրվեց նոր թեկնածու։

Սրբուհի Գալյանը յուղալի պաշտոններ զբաղեցրել է հեղափոխությունից հետո։ 2018-2019 թվականներին եղել է հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտ-հուլիս ամիսներին՝ քննչական ծառայության իրավական ապահովման եւ արտաքին կապերի բաժնի պետ։

2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ արդեն 2020 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը»:

 

«Հրապարակը» գրում է․

ՔՊ խմբակցության ղեկավարությունը թեպետ երեկ հերքում էր, թե Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի մտադրություն կա, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունից բողոք է գնացել ՔՊ վարչություն, որն առաջիկայում կքննարկվի։

Հիմքում լսումների օրը գլխավոր դատախազին նախագահությունում նստեցնելու փաստն է, ոմանք կարծում են, որ Քոչարյանն աններելի բան է արել՝ դատախազին՝ «վերեւում», իսկ մյուս ուժայիններին դահլիճում նստեցնելով, վարկաբեկել է իշխանությանը։ Իհարկե, լսումներն արարողակարգային միջոցառում չէ, բայց դահլիճում նստելու հարցում, ըստ ԱԺ երկարամյա աշխատակից` քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի, «որոշակի տրամաբանություն պետք է լինի»։