Արցախյան բլnկադայի առաջին զnhերի մաuին ֆիլմ է նկարաhանվում․ այն կրում է «Վերա» անունը

Արցախյան բլnկադայի առաջին զnhերի մաuին ֆիլմ է նկարաhանվում․ այն կրում է «Վերա» անունը

Վերա Նարիմանյանը մինչև բռնի տեղահանությունն ապրում էր Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալինջ գյուղում։ 2023 թվականի հուլիսի 7-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 206-րդ օրը նրա ընտանիքում մեծ ողբերգություն տեղի ունեցավ։ Վերայի երեխաները՝ 6 տարեկան Գիտան և 3 տարեկան Լեոն, յոթ ամիս շարունակվող շրջափակման առաջին զոհերն էին։ 

«Տանը ո՛չ ձեթ կար, ո՛չ քաղցրավենիք, ո՛չ էլ ուտելիք։ Գյուղի խանութում ամեն ինչ վերջացել էր։ Երեխաներին քնացրել եմ ու գնացել Մարտակերտ այն հույսով, որ ինչ որ բան կգտնեմ։ Հերթեր էին։ Այդ ընթացքում Գիտան ու Լեոն արթնացել են ու որոշել ինձ փնտրել, ճանապարհին հոգնել են ու մտել կայանված մի մեքենա, քնել։ Հետո երևի փորձել, բայց չեն կարողացել ներսից բացել մեքենայի դռները, այնքան շոգ է եղել, որ շնչահեղձ են եղել»,- MediaHub-ին պատմեց մայրը։

Երեխաների դիերը հայտնաբերվել են մի ամբողջ օր որոնելուց հետո։ Այս դեպքը մեծ տարածում էր գտել հայկական և արտասահմանյան լրատվամիջոցներում։ Սակայն, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի նախաձեռնությամբ էկրանավորվելու է։ 

«Վերա» ֆիլմի նախնական նկարահանումները մեկնարկել են, նախատեսվում է այն ավարտել սեպտեմբերին։ Ֆիլմում՝ դերասաններ որպես այդպիսին չեն ընդգրկվել, այլ մարդիկ են, որոնք վերապրել են շրջափակման դժվարությունները։ Դերերը կկատարեն տեղահանված արցախցիները։ Ֆիլմում հնչելու է նաև Մարտակերտի բարբառը։ 

«Ֆիլմի նկարահանումներից առաջ խոսել են ինձ հետ, և ես իմ համաձայնությունն եմ տվել։ Բացի այդ, մանրակրկիտ պատմել եմ և՛ այդ անիծյալ օրվա ողջ մանրամասները, և՛ Արցախի պաշարման դժվարությունները»,- ասաց նա։ 

Պաշարում, գաղթ ու պատերազմ տեսած իրական հերոսներով «Վերա»-ն աշխարհին կպատմի Վերա Նարիմանյանի ընտանիքի ողբերգությունը և Արցախում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ծայր առած ու 9 ամիս տևած հումանիտար աղետի մասշտաբները։ 

«Բլոկադայի ժամանակ դժվար էր հատկապես այն ընտանիքների համար, որտեղ կան մանկահասակ երեխաներ։ Գիտեմ, որ շատ տխուր պատմություններ են եղել Արցախում, բայց կարծում եմ՝ իմ բալիկների մահն ամենաողբերգականն էր, որը նկարագրում է այդ աղետալի ժամանակահատվածը՝ պատերազմի աղետից առաջ»,- եզրափակեց 30-ամյա կինը։

Հունան Թադևոսյան