Ամեն պահի էլ հավանական է, որ թշնամին ճանապարհը կբացի․ Դավիթ Գալստյան

Ամեն պահի էլ հավանական է, որ թշնամին ճանապարհը կբացի․ Դավիթ Գալստյան

15 օր է, ինչ փակված է Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Թշնամու հերթական սադրանքը հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ Հույս կար, որ այսօր և վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա և ճանապահը բացելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Սակայն, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարեց, որ նման հանդիպում նախատեսված չէ։

Իսկ այս դեպքում ո՞րն է արցախցու հույսը․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի «Արդարություն խմբակցության» ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։ 

Նրա խոսքով՝ Արցախի հույսը արցախցին է, այն 120 հազար քաղաքացիները, որոնք երեկ դուրս եկան պայքարի, դուրս եկան իրենց ձայնը լսելի դարձնելու։

«Դրանից հետո, կարծում եմ, ամեն պահի էլ հավանական է, որ թշնամին ճանապարհը կբացի»,- նշեց Գալստյանը։

Նա նշեց, որ իրենք երբեք էլ սպասելիք չեն ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումից, իրենք իրենց ասելիքն ասացին ու դա Ալիևը հստակ հասկացավ։

«Ու այս ամենից հետո չեմ կարծում, որ ճանապարհը կշարունակեն փակ պահել։ Այս պահին Ալիևի նկատմամբ միջազգային ճնշումը բավականին մեծ է, բացի այդ, նա տեսավ, որ արցախցին զիջող չէ, հանձնվող չէ»,- ասաց նա։

Դավիթ Գալստյանի դիտարկմամբ՝ այս անգամ Ալիևը մանևրելու տեղ չունի, քանի որ, եթե հոտեմբերի 30-ին նա նշում էր, թե Արցախի հանրահավաքին մասնակցում էին նաև Հայաստանից եկած քաղաքացիներ, ապա այս անգամ նման հայտարարություն անել չի կարող, քանի որ ճանապարհն ինքն է փակել։

Նշենք նաև, որ այսօր վաղ առավոտյան Հայաստանից մի խումբ քաղաքացիներ ավտոերթով մեկնել են Գորիս՝ հաջակցություն Արցախի, ինչը ևս, ըստ Դավիթ Գալստյանի, իր դրական ազդեցութունը կունենա, թեև երեկ արդեն արցախցին իր խոսքը հստակ ասել է։

 

Նարե Գնունի