ՔԿ-ն լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել, Որ կուսակցությունները կմիանան հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարին․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փետրվար ամսին 200-ից ավելի ուսանողների ցանկանում է անօթեւան թողնել։ Բանն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է վերանորոգել Զեյթունի հանրակացարանն այն ժամանակ, երբ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը նոր է սկսվել։ Մեզ հասած տեղեկություններով, հանրակացարանի բնակիչներին մինչեւ մարտ ամիսը ժամանակ է տրվել, որպեսզի լքեն հանրակացարանը: Իսկ թե նրանք որտեղ պետք է բնակվեն, ինչպես պետք է բնակարան վարձեն, նախարարությանը, կարծես, առանձնապես չի հուզում:
Զեյթունի հանրակացարանի բնակիչները հիմնականում այն ուսանողներն են, որոնք անշարժ գույքի վարձակալության թանկացումների ֆոնին ի վիճակի չեն եղել բնակարան վարձել, հիմա առավել եւս չեն կարողանա։
ԿԳՄՍ նախարարությունից մեր ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ պատրաստվում են վերանորոգել հանրակացարանը, իսկ հարցին, թե արդյոք վերաբնակեցնելո՞ւ են հանրակացարանում ապրող ուսանողներին, եւ ինչպե՞ս է ապահովվելու նրանց ուսման շարունակականությունը, պատասխանել են, թե այդ հարցը դեռեւս քննարկում են, բայց մենք տեղեկացանք, որ հանրակացարանի տնօրինությունն արդեն ստացել է նամակը, եւ ոչ մի այլընտրանք ուսանողներին չի առաջարկվելու։
Մեր տեղեկություններով՝ հանրակացարանի վերանորոգման համար 700 միլիոն դրամից ավելի գումար է հատկացվել, նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։ Շինարարությունն իրականացնելու է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ն։ Նշենք, որ Զեյթունի հանրակացարանում բնակվում են նաեւ Արցախից տեղահանված ընտանիքներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շուրջ ծավալվող աղմուկները հաջորդում են մեկը մյուսին: Դրանք այնքան ջանք ու էներգիա են տանում բազմապրոֆիլ այդ նախարարությունից, որ փոխնախարար չի նշանակում բուհերի գծով:
Պարզվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այլեւս չի համակարգում համալսարանների աշխատանքը եւ ցանկացած հարց՝ կապված բարձրագույն կրթության հետ, չի ընդգրկում իր հետաքրքրությունների շրջանակներում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանների աշխատանքն արդեն համակարգում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, որի առաքելությունն է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող Գիտության կոմիտեի եւ ԲՈԿ-ի, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները համակարգել։
Շատ բուհերից արդեն ահազանգում են, որ կոմիտեն չի հաջողում համալսարանների հետ աշխատանքում, հստակ չի կարողանում սահմանել բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները եւ համակարգված չի աշխատում ԿԳՄՍ նախարարության հետ։ Նախկինում բուհերի աշխատանքը համակարգող փոխնախարարը ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որը 2022 թվականի դեկտեմբերից չի զբաղեցնում այդ պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունը, որը համակարգում է բուհերի հետ աշխատանքը, կոմիտեին ֆիզիկապես միացել է 2024 թվականի հունվարին, որի արդյունքում էլ կառավարման լուրջ բացթողումներ կան: Ամեն դեպքում, կապվեցինք Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ խնդիրներ կամ ուշացումներ ոչ մի ժամանակ չեն եղել. «Երբ բուհերը նման հայտարարություններ են անում, ձեւակերպում են՝ որոնք են այն խնդիրները, որոնցով կոմիտեն չի զբաղվում։ Մենք գիտենք, որ կան համակարգային խնդիրներ. եթե չլինեին, այդ բարեփոխումներն անելու իմաստ չէր լինի։ Բուհ չկա, որ ունենա օրհասական խնդիր, եւ մենք դրանով չզբաղվենք»: Մինչդեռ, շատ բուհերի ղեկավարներ կան, որ մեզ ահազանգել են, դեռ՝ ծպտյալ, որ խնդրի դեպքում օրերով չեն կարողանում պատասխանատու կառավարիչ գտնել, կարգավորել հարցը:»։
«Հրապարակ» թերթը գրում է. Հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սահմանադրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի պարտադրանքն է, նաեւ ուրվագծեց, թե կոնկրետ ինչ է ցանկանում փոխել․ պատրաստվում է հրաժարվել ՀՀ հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից։ Թեեւ դեռ իշխանությունները սահմանադրության տեքստ չեն պատրաստել, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքից ակնհայտ էր, որ առաջիկայում կավարտեն նոր սահմանադրության տեքստի վրա աշխատանքները, եւ այն կդրվի հանրաքվեի: Իսկ դա նշանակում է, որ կձեւավորվի երկու ճակատ` «Այո»-ի ու «Ոչ»-ի, եւ կսկսվի քարոզչությունը սահմանադրությունն ընդունելու եւ այն մերժելու ուղղությամբ։ Մենք զրուցել ենք մի շարք քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու համար, թե կմիանա՞ն «Ոչ»-ի ճամբարին, եթե հանրաքվե, այնուամենայնիվ, նշանակվի։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից Արմեն Խաչատրյանը հարցին, թե ՀԱԿ-ը կմիանա՞ «Ոչ»-ի ճակատին, կամ հնարավո՞ր է, որ հենց ՀԱԿ-ը ձեւավորի փաշինյանական սահմանադրությունը մերժողների ճակատ, պատասխանեց․
«Այն, որ Կոնգրեսը «Ոչ»-ի դիրքերում է, դա միանշանակ է, իսկ մնացած հարցերը` ընթացքում։ Պետք է դիտարկենք դեռ օրենսդրական հնարավորությունները»։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը, նախքան հնարավոր հանրաքվեն, նոր շարժում է պատրաստվում ձեւավորել. «Բնականաբար, կիմանանք «Ոչ»-ի ճամբարին, բայց ավելի սկզբունքային է հանրաքվեի նախաձեռնությունն առհասարակ կանխելը։ Մեր կուսակցությունը հաջորդ շաբաթ նախաձեռնելու է «Հանուն Սահմանադրության» շարժում։ Այդ նպատակով փետրվարի 13-ին նախաձեռնել ենք հանրային քննարկում»։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցին` կմիանա՞ն «Ոչ»-ի ճամբարին, ասաց, որ նախատեսվող փոփոխություններն իրենց կուսակցության համար անընդունելի են. «Ձեր նշած փոփոխությունները, անգամ դրանց քննարկումը, մեզ համար անընդունելի են, եւ կուսակցությունն ակտիվ պայքարելու է այդ փոփոխությունների դեմ՝ չբացառելով համագործակցությունը տարբեր ձեւաչափերով»։
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց. «Իմ անձնական կարծիքն է` այն պահին, որ սահմանադրական փոփոխությունների թեման կեղծ օրակարգ է, որը միտված է շեղելու ուշադրությունը շատուշատ այլ օրհասական խնդիրներից, իմ վերաբերմունքն այդ հարցին այս պահին դա է։ Տեսնենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում, Ձեր հարցի պատասխանն այդ ժամանակ կարող եմ տալ»։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանից եւս հետաքրքրվեցինք, թե ինչ դիրքորոշում ունի կուսակցությունը Սահմանադրությունը փոխելու հարցի առնչությամբ, ինչ գործողություններ է պատրաստ անել։ Արամ Սարգսյանը նախ նշեց, որ համաձայն չէ այն դիտարկման հետ, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն անխուսափելի է. «Մեր կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի, բայց մինչեւ դիրքորոշումը հայտնելը ես ուզում եմ ասել, որ ես Ձեզ հետ համաձայն չեմ, որ անխուսափելի է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նախ պետք է հասնի այդ օրվան, որ կարողանա հանրաքվե կազմակերպել՝ որպես կառավարող ուժ, դա մեծ հարցական է։ Բայց եթե հանկարծ հաջողվի իրենց այդպիսի հանրաքվե կազմակերպել, ապա դա լինելու է շատ մեծ դիմադրության ներքո, որովհետեւ դա կնշանակի, որ մենք մեր ազգային բոլոր գաղափարները դնում ենք մի կողմ եւ ենթարկվում ենք այս ապազգային իշխանության թելադրանքին։ Ես այստեղ, իմիջիայլոց, նաեւ տեսնում եմ վերջապես հնարավորություն՝ միավորելու բոլոր այն առողջ եւ նորմալ քաղաքական հայացքներ ունեցող, ազգային գաղափարախոսությամբ ընթացող ուժերին, որոնք հասկանում են, որ սա արդեն վերջն է»։
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւս ասաց, որ դեմ է Փաշինյանի հայտարարած փոփոխություններին, ավելին՝ նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ «Ասեմ, որ մենք արդեն ձեւավորել ենք սահմանադրական բարեփոխումների հանրային խորհուրդ, շատ քաղաքական ուժեր հավաքվել են, եւ այս պահին աշխատանքներ ենք տանում մյուսներին ներգրավելու համար։ Առաջին գործը Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջն է։ Դա մերկապարանոց չէ, մենք հիմնավորված հանրագիր ենք ուղարկել դատախազին։ Այնպես որ, գործն ավելի լուրջ է, քան Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությանն «այո» կամ «ոչ» ասելը։ Նիկոլ Փաշինյանը գնալու է բանտ»,- ասաց Հայրիկյանը։
«Քաղաքացու որոշում» կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանն էլ ասաց. «Առաջիկայում մեզ մոտ այդ հարցի հետ կապված քննարկում է լինելու, եթե դիրքորոշում լինի, հրապարակային կծանուցենք, դրա համար այս պահին շատ բան չեմ կարող ասել»։ Հարցրինք՝ կուսակցությունն ի՞նչ վերաբերմունք ունի Սահմանադրությունը փոխելու գաղափարի վերաբերյալ։ «Խնդիրը Սահմանադրության փոփոխության մեջ չէ, այլ Սահմանադրության փոփոխության բովանդակության մեջ է»,- ասաց ՔՈ ԳՄ քարտուղարը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի փոխքաղաքապետի օգնականը 2.5 մլն դրամ է փոխանցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իբրեւ նվիրատվություն: Կոռուպցիայի դեմ պայքարող հեղափոխականներին այս թվերը չեն հետաքրքրում: Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է նախորդ տարի՝ հուլիսի 31-ին տեղի ունեցած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մանրամասները:
Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է եղել» կլորիկ գումարներ հանգանակել իշխանական կուսակցությանը: ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 մլն 085 հազար 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար, սակայն շատ նվիրատուների անունները գաղտնի են պահվել: ՔՊ-ի դրամահավաքին, ինչպես արդեն գրել էինք, հանգանակություններ էին արել «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն՝ 700 հազար դրամ, ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության պետ Գոռ Բակլաչյանը՝ 250 հազար դրամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ 100 հազար դրամ, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը՝ 2 մլն դրամ, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը՝ 1 մլն դրամ, եւ այլ հետաքրքիր դեմքեր։ Այս անգամ ներկայացնում ենք ցուցակի հաջորդ հետաքրքիր քառյակին։ ՔՊ-ի դրամահավաքին 200 հազար դրամ հանգանակել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։
Սեպտեմբերի 17-ին կայացած՝ Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Գեղամ Բրսոյանը ամենաշռայլ նվիրատուներից էր, որը հանգանակել է 2 մլն 500 հազար դրամ։ Բանն այն է, որ նման շռայլություն դրսեւորելուց հետո նա, ՔՊ ցուցակում լինելով հանդերձ, չընդգրկվեց Երեւանի ավագանու ցանկում։ ՔՊ ավագանու ընտրացուցակում ընդգրկված եւ ավագանու անդամ չդարձած Շողիկ Վիրաբյանը եւս 2 մլն 500 հազար դրամ է հանգանակել։ 2 մլն 500 հազար դրամ էլ ՔՊ դրամահավաքին հանգանակել է 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարարի օգնական նշանակված Տաթեւ Հակոբյանը։
Բանն այն է, որ Տաթեւ Հակոբյանն այժմ հանդես է գալիս Տաթեւ Մարգարյան անուն-ազգանունով։ Նա այն ժամանակ ԱԺ պատգամավո Արմեն Փամբուխչյանի օգնականն էր, հետո, երբ Փամբուխչյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Տաթեւ Մարգարյանին իր հետ տարավ։ Նույնը կատարվեց, երբ Փամբուխչյանն ընտրվեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ. Տաթեւ Մարգարյանին կրկին նշանակեց իր օգնական։ Հետաքրքիր է՝ օգնականին որտեղից նման գումարներ, որ փոխանցել է: Այս հարցն էլ փորձեցինք պարզել Տաթեւ Մարգարյանից, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ճիշտ է, ես այդքան հարուստ չեմ։ Քանի որ շտաբում էի, կազմակերպչական հարցերով պատասխանատու ու ակտիվ աշխատանքների մեջ էի, ընկերներ, կուսակցականներ, լիքը մարդ հավաքվեց, կպանք իրար, ես իջա արեցի»:
Հետաքրքիր է՝ արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որեւէ ընթացք կտա նման երեւույթներին եւ կխորանա ՔՊ դրամահավաքի պաշտոնյա նվիրատուների ֆինանսական աղբյուրները բացահայտելու գործով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն ոչ միայն առանձնահատուկ դաժանություն է դրսեւորել «Սիներջիի» ներկա եւ նախկին աշխատակցուհիների` մանկահասակ երեխաներ ունեցող երկու կանանց նկատմամբ` կալանք միջնորդելով, այլեւ, պարզվում է` լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել:
Մասնավորապես` արգելել է կանանց բոլոր տեսակցությունները, եւ նրանց այժմ ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ պատգամավորները, ո՛չ դիտորդական աշխատանք կատարող հասարակական կազմակերպությունները չեն կարող այցելել: Նման լրացուցիչ սահմանափակումներ, որպես կանոն, կիրառվում են հոգեբանական ճնշումներ գործադրելու, «զոհերից» անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար, որպեսզի խախուտ մեղադրանքը մի կերպ հիմնավորեն կամ իրենց ուզած անձի դեմ ցուցմունքներ պոկեն»: