Պուտինի` նոր ժամկետով առաջադրումը դրական ազդակ է ՀՀ-ՌԴ համագործակցության համար. Սամվել Կարապետյան
ՌԴ նախագահի` նոր ժամկետով առաջադրվելու մասին հայտարարությունը միանշանակ ընկալվում է որպես դրական ազդակ և որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման կուրսի շարունակման երաշխիք: Այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ռուսաստանում հայ գործարարների ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Կարապետյանը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուս-հայկական հարաբերությունները կարիք ունեն գործընկերության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված կայուն երկկողմ փոխգործակցության երաշխիքների։
«Երկու երկրների պատմությունն ամրապնդվում է տնտեսության բազմաթիվ ոլորտներում համատեղ ձեռքբերումներով»,- ընդգծել է գործարարը։
Նա հիշատակել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022-ին կրկնապատկվել է։ Բացի այդ, Ռուսաստանը ՀՀ-ի համար գլխավոր արտաքին առևտրային գործընկերն է և դեպի Հայաստան կապիտալի ներհոսքի առաջատարը։
Կարապետյանը նշել է, որ Հայաստանն իր հերթին շարունակում է ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալը, որը նախորդ տարվա արդյունքներով քառապատկվել է։
«Երկրների տնտեսությունների հարմարեցումը գլոբալ իրադարձություններին հիմնականում տեղի է ունենում մասնավոր բիզնեսի հաշվին։ Ռուս-հայկական գործարար համագործակցությունն անցած տարիների ընթացքում ամրության թեստ է անցել, այդ թվում՝ ներդրումային անվտանգության հարցում։
Ռուսական բիզնեսի մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է, ՌԴ-ում հայկական ընկերություններն ամուր գրավում են շուկաների մեծ մասը` արտադրության, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում»,- ընդգծել է ռուսաստանահայ ձեռնարկատերը։
Այս արդյունքներն, ըստ նրա` հնարավոր են դարձել երկու երկրների ղեկավարների գործարար սերտ համագործակցության, տնտեսական գործընկերության ընդլայնման, երկկողմ փոխհարաբերությունների հետագա զարգացման կամքի և ձգտման շնորհիվ:
Կարապետյանը հատուկ ընդգծել է, որ տնտեսության, մշակույթի, երկու երկրների ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման ոլորտներում ինտեգրացիոն գործընթացներն ավելի քան 20 տարի նշվել են որպես ՌԴ ղեկավարների առաջնահերթություն։