«Արցախը իրենց հոր բոխչան չի»․ Սամվել Բաբայանի հանրահավաքը հետաձգվում է, բայց օրակարգում է

Հանրահավաքի հարցն օրակարգում է, ժողովրդին իրազեկում ենք, թե ինչ իրավիճակում ենք և ինչ խնդիրների ենք օր օրի բախվելու։ Իմ քայլերն իրազեկումներ են, որ ցույց տանք՝ մարդիկ կործանվում են։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի, իր առաջարկած 5 կետերի և 100 օրով պետնախարար նշանակվելու առաջարկի մասին։
Բաբայանը մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ պատրաստվում են հանրահավաք իրականացնել, որպեսզի ժողովուրդը իշխանությանը պարտադրի՝ հնարավորություն տալ կյանքի կոչել այն 5 կետերը, որոնք տարբերակ են լինելու ստեղծված իրավիճակից դուրս գալու։
Հետո եղան խոսակցություններ, որ հանրահավաք իրականացնելը Բաբայանի օրակարգից դուրս է եկել։
«Նրանք, ովքեր երազում են, որ հանրահավաք չի լինելու, պետք է հիասթափեցնեմ՝ լինելու է։ Իշխանություններն ասում են՝ ռազմական դրություն է, ո՞նց եք հանրահավաք անելու, ասում ենք՝ ոնց դուք եք երկու անգամ արել, անօրեն։ Այսօրվա գործող պետնախարարն էլ այդ ժամանակ գլխավոր դատախազ էր ու այս առնչությամբ գործ չի հարուցել, չի արձանագրել, որ օրենք է խախտվում։ Ռազմական դրություն են խախտել, ինչի՞ գործ չի հարուցվել, հենց մենք ենք ուզում հարահավաք անցկացնել, պարզվում է՝ օրենք ենք խախտում։ Արցախը «իրենց հոր բոխչան չի», որ իրենք ինչ ուզեն անեն, հետո հակառակը մյուսներից պահանջեն»,-ասաց նա։
Հանրահավաքի օրն այս պահին էլ հստակ չէ, Բաբայանի խոսքով՝ հանրահավաքը միանգամից չի լինում, պետք է ժողովրդի մոտ հասունանա այն պահը, որ գիտակցի՝ այլ տարբերակ չկա։
Հարցին, թե պատերազմից, շրջափակումից հետո արդյո՞ք այդ պահը դեռ չի հասունացել, Բաբայանն արձագանքեց՝ քայլ առ քայլ են մոտենալու վերջնանպատակին։
Լիաննա Թորոսյան