Ո՛չ Արմեն Աշոտյանը և ո՛չ էլ որևէ այլ մեղադրյալ որևէ «վնաս» չեն «վերականգնել»․ հերքման պահանջ

Ո՛չ Արմեն Աշոտյանը և ո՛չ էլ որևէ այլ մեղադրյալ որևէ «վնաս» չեն «վերականգնել»․ հերքման պահանջ

Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն:

Այսպես` «Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ նշված է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս: …

Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»:

Մեջբերված հատվածում գլխավոր դատախազը երկու անգամ խեղաթյուրել է իրականությունը, քանի որ`

1. դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որևէ վնաս չի պատճառվել,

2. ո՛չ Արմեն Աշոտյանը և ո՛չ էլ որևէ այլ մեղադրյալ որևէ «վնաս» չեն «վերականգնել», որովհետև պաշտպանության կողմը գործը համարում է շինծու և չի ընդունում մեղադրանքը:

Հաշվի առնելով, որ`

ա) հրապարակային ներկայացվել են այնպիսի փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Արմեն Աշոտյանի պատիվն ու արժանապատվությունը,

բ) վերոնշյալ հաղորդումը հրապարակված է դատախազության և ԱԺ պաշտոնական կայքերում, ինչպես նաև բանավոր ներկայացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ բոլոր նշված հարթակներում հրապարակել վերոհիշյալ զրպարտության հերքում:

Արմեն Աշոտյանի պաշտպաններ
Հաբեթ Մարտիրոսյան
Մարգար Սողոմոնյան