Թիվ 147 հիմնական դպրոցում 90-ականներն են՝ ջեռուցում չկա. ե՞րբ կկարգավորվի վիճակը

Թիվ 147 հիմնական դպրոցում 90-ականներն են՝ ջեռուցում չկա. ե՞րբ կկարգավորվի վիճակը

Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգել են MediaHub.am-ին, որ դպրոցում ջեռուցում չկա և նորմալ դասապատրաստում չի իրականացվում։ 

Նրանց խոսքով՝ դպրոց 90-ականներն են վերադարձել՝ երեխաները տաք հագուստներով, վերարկուներով են նստում դասերին, իսկ բարձր դասարանների աշակերտներն առհասարակ երկու շաբաթ է դպրոց չեն հաճախում:

MediaHub.am-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը փոխանցեց, որ դպրոցի կաթսայատանը վթար կա։

«Համայնքը նախատեսված միջոցներ չունի վերանորոգման համար։ Նման դեպքերում Կառավարությունը պետք է հատկացում անի բյուջեից ու հիմա սպասում ենք Կառավարության որոշմանը։ Մինչև այդ, քանի եղանակային պայմանները թույլ են տալիս, տարրական դասարաններն ապահովվել են էլեկտրական ջեռուցմամբ, իսկ մյուս դասարաններն անցել են հեռավար դասերի»,-ասաց նա։ 

Հարցին, թե մոտ ե՞րբ կհստակեցվի Կառավարության որոշումը և հստակեցումից հետո ե՞րբ կնորոգվի կաթսայատունը, վերջինս պատասխանեց․ 

«Հուսով ենք՝ առաջիկա նիստին կհստակեցվի․ ամիսների խնդիր չկա։ Նորոգումն էլ վատագույն դեպքում երկու շաբաթ կտեևի»,- հավաստիացրեց Սարդարյանը:

Լիաննա Թորոսյան