Հերթական ծախսը՝ պարեկային ծառայության մեքենաների համար․ բյուջեից ավելի քան 21 մլն դրամ է ծախսվելու

Հերթական ծախսը՝ պարեկային ծառայության մեքենաների համար․ բյուջեից ավելի քան 21 մլն դրամ է ծախսվելու

Ոստիկանությունը «Տոյոտա Երևան» ընկերության հետ մարտի 25-ին մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել։ Այս մասին MediaHub.am-ը տեղեկանում է մեկ անձից կատարվող գնման կայքից։

Ըստ պայմանագրի` նշված ընկերությունը պետք է Պարեկային ծառայության 700 մեքենայի սրահի հետնամասում ճաղավանդակ տեղադրի։ Հիմնավորման մեջ նշվում է, որ մեքենաների սրահի երկրորդ շարքը պետք է ապահովված լինի ձերբակալվածների համար անհրաժեշտ խցիկով, որը պետք է պատրաստված լինի մետաղյա կոնստրուկցիայով և մետաղական ցանցով։ Ընդ որում, մետաղյա ցանցով է պատվելու նաև հետնամասի դռների ապակիները, հետևի հողապակին և սրահի 2-րդ շարքի հետնամասից մինչև տանիք պետք է ապահովված լինի մետաղյա ցանցով։ Սա արվում է, որպեսզի պատշաճ կերպով կատարվի պարեկի գործառույթները և ապահովվի պարեկի անվտանգությունը։

Ընդհանուր առմամբ, բյուջեից վճարվելու է 21 700 000 դրամ, որի մեջ ներառված է ճաղավանդակների գինը և տեղադրումը։