Երևանի տարածքում ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն

Երևանի տարածքում ավտոբուսների առանձնացված  գծեր կսահմանվեն

Երևանի քաղաքապետարանը որոշել է բարելավել մարդկանց կյանքը, ովքեր գրեթե ամենօր օգտվում են ավտոբուսներից։ 

«Առանձնացված գծերի հայտնվելը Երևանում էապես կրճատելու է մարդկանց տեղաշարժի ժամանակը: Սա ապացուցված փաստ է, իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդիկ, ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, էականորեն ավելի կարճ ժամկետում են մի կետից մյուսը տեղափոխվելու։ Պետք է քննարկում՝ հասկանալու, թե ավտոբուսային առանձնացված գծերով ինչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել։ Ենթադրում եմ՝ այդտեղ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե, մոտոցիկլետները, գուցե, ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, բայց տաքսու համար հստակ նոր պահանջներ դնելով»,- հայտարարել էր Տիգրան Ավինյանը։ 

Այժմ ամբողջ Երևանում պլանավորվում է ավտոբուսների առանձնացված գծեր սահմանել։ MediaHub-ը զրուցեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի հետ։

«Մարդատար ավտոմեքենաների համար բացասական ազդեցություն կունենա, սակայն հասարակական տրանսպորտից օգտվողների համար այս ծրագիրը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա։ Ինչո՞ւ է նախասիրությունը տրվում հասարակական տրանսպորտին։ Շատ պարզ է, որովհետև այսօր յուրաքանչյուր մարդատար մեքենայում երթևեկում է միջինը 1-2 ուղևոր։ Հասարակական տրանսպորտի ուղևորների համար բավականին կկրճատվի տեղաշարժի ժամանակը»,- ասաց Հարությունյանը։

Մեզ հավաստիացրին, որ մոտ ամիսներին կսահմանվեն ավտոբուսների առանձնացված գծերը։ Եվ արդեն մյուս ամիս կսկեն աշխատանքները, պլանավորվում է մեծ կտոր սահմանել, որ մի քանի վարչական շրջան իրար հետ կապի այդ ամբողջ հասարակական տրանսպորտի հոսքը։

Սակայն, եթե հասարակական տրանսպորտից ուղևորների համար կկրճատվի տեղաշարժի ժամանակը, ապա անհատ վարորդների համար կրկնակի կերկարի, քանի որ Երևանում կան փողոցներ, որտեղ ընդամենը երկու երթևեկելի գիծ է, և եթե դրանցից մեկը սահմանվի ավտոբուսների համար, ապա անհատ վարորդները, տաքսիները ստիպված կլինեն երթևեկել մեկ գծով։

Տրամաբանական հարց՝ եթե ավտոբուսների համար առանձնացված գծեր լինեն, եթե մեքենան հատի այդ գիծը, արդյո՞ք կտուգանվի։ Նման փորձ կա արտասահմանում՝ մեքենան եթե երթևեկում է ավտոբուսի առանձնացված գծով, տուգանվում է։ Մեզ հավաստիացրին, որ այդ դեպքում, ըստ երևույթին, կտուգանվի։ Այժմ այն գործում է Գայի պողոտայում, որտեղ կա առանձնեցված ավտոբուսի գիծ և մեքենան այն հատելիս տուգանվում է։

Մարիաննա Արամյան