Իսկ ինչո՞ւ է Անահիտ Ավանեսյանը թիրախում. անգործ մնացած բժիշկները գիտեն և բարձրաձայնում են

Իսկ ինչո՞ւ է Անահիտ Ավանեսյանը թիրախում. անգործ մնացած բժիշկները գիտեն և բարձրաձայնում են

MediaHub-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այն խնդիրը, որ Երևանի միակ պետական ծննդատունը փակվում է: Վերջին շաբաթների ընթացքում մենք բազմիցս ենք անդրադարձել այս խնդրին, պատճառները և մեղավորները, ինչպես պնդում են աշխատակիցները, շատ են, սակայն ամենակարևորն այս պահին այն է, որ ավելի քան 60 մարդ մնում է գործազուրկ։

MediaHub-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը բողոք–նամակ է ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նրանք խնդրում են, որ Փաշինյանը ընդունի անձնակազմին և զբաղվի ծննդատան հարցերով։ Պնդում են՝ տարիներ շարունակ կառավարիչները հասցրել են ծննդատունը նրան, որ այսօր այն փակեն: Եվ այս ամենում մեղադրում են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և վերջինիս անվան հետ կապվող բիզնես շահը: 

Երևանի քաղաքապետարանից աշխատակիցներին հայտնել են, որ իրենց ծննդատունը չի վերաբացվելու: Բժիշկները նշում են, որ հիվանդանոցի բազմաթիվ խնդիրներին լուծում տալու խնդրանքով դիմել են Առողջապահության նախարարություն, անձամբ նախարար Անահիտ Ավանեսյանին, սակայն, ոչ մեկ այդպես էլ չի զբաղվել եղած խնդիրներով։ 

Առողջապահության նախարարությունը MediaHub-ին ներկայացրեց նաև իր տեսակետը․ 
«Քանաքեռ-Զեյթուն ծննդատան լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է: Որևէ նամակ-բողոք առողջապահության նախարարությունը կամ նախարարը չի ստացել, բայց չգիտես ինչո՞ւ՝ թիրախում  նախարարն է: Ավելին` մեր նախաձեռնությամբ քաղաքապետարանից ուզել ենք գործազուրկ դարձած բուժաշխատողների հաստիքացուցակը, փորձել ենք բուժաշխատողների մասնագիտական կարիքների դիտարկում անել, և այո՛, պատրաստ ենք նաև  հանդիպել նրանց հետ: Ի վերջո, ստեղծված իրավիճակը  վատ կառավարման հետևանք է, որի արդյունքում չպետք է տուժեն մեր մասնագետները»։

Ուշագրավն այն է, որ մեզ դիմած բժիշկները գիտեն և այդ մասին ասել են, թե ինչու է Ավանեսյանը, այսպես ասած, թիրախում, այդ մասին նշվում է նաև Փաշինյանին ուղղված բողոք–նամակում, և մենք էլ հիշեցնենք ևս մեկ անգամ. խնդիրն այն է, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անվան հետ կապվող և հովանու ներքո գործող «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը», որտեղ էլ բացվելու է ծննդաբերական բաժանմունք, գտնվում է «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» հարևանությամբ: Եվ մեզ հետ զրույցում բժիշկներից մեկը նշել էր. «Բոլորին է հայտնի, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» Ավանեսյանի մոր անունով է»:

Հիշեցնենք, ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում բողոք-նամակ գրած աշխատակիցներից նշել էին, որ ծննդատունն ունի «մի մեծ մեշոկ պարտքեր», այդ պարտքերը, ինչպես իրենց ասել են Երևանի քաղաքապետարանից, ոչ մեկին չեն կարող պարտադրել, որ տան։ Իր հերթին, ծննդատան աշխատակազմն ավելի քան 11 ամիս չի ստացել իրենց աշխատավարձերը, ծննդատունն էլ օգոստոսից այլևս չի գործում։

Մարիաննա Արամյան