«Աբանիկո» 14-րդ միջազգային փառատոնից հայ պարողները վերադարձել են Գրան պրի մրցանակով

Քալաշյան Պարարվեստի դպրոցի սաները ապրիլի 5-7-ը մասնակցեցին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած երաժշտության և պարարվեստի Աբանիկո 14-րդ միջազգային փառատոնին, որտեղ արժանացան Գրան Պրի գլխավոր մրցանակին։
Փառատոնը կազմակերպվել էր Բուլղարական «Artvoices» երաժշտական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Սոֆիայի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Փառատոնին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած՝ ֆոլկլոր, ժամանակակից, դասական և այլ երաժշտական և պարային ոճեր ներկայացնող մի քանի տասնյակից ավելի երգիչ մենակատարներ և պարային խմբեր, ովքեր իրենց գունեղ և ինքնատիպ երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան տարբեր մրցութային անվանակարգերում և եզրափակիչ գալա համերգի ընթացքում։ Քալաշյան Պարարվեստի դպրոցի սաները մրցութային ծրագրում օտարերկրյա հանդիսատեսին և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին հիացրեցին իրենց փայլուն ելույթներով՝ ներկայացնելով երեք պարային կատարումներ՝ «Քայլերթ» հատված "Գայանե" բալետից, «Զանգ, զանգ» երաժշտությունը Կոմիտասի, «Նուբար» երաժշտությունը` ժողովրդական, բեմադրությունը` Աննա Քալաշյանի։
Փառատոնը եզրափակվեց տոնական գալա համերգով, որտեղ հայազգի պարողները օտարազգի հանդիսատեսին ներկայացան իրենց պարային կատարումներով։
Հիշեցնենք, որ սա Եվրոպական փառատոններում դպրոցի առաջին մասնակցությունն էր, որը իրականացվեց Հայ-Եվրոպական մշակութային կենտրոնի աջակցությամբ։