Պետք է դադարեցնենք սիրախաղերը, որոնք ուղղակի վտանգում են մեր ազգային շահերը. Բակո Սահակյան
Չի եղել մինչ օրս Լազարևյան ակումբի որևէ հանդիպում, որի ընթացքում չքննարկվեր Արցախի թեման, նրա ներկայի ու ապագայի հարցերը։ Եվ դա միանգամայն օբյեկտիվ է, քանի որ Արցախն ունի և ունենալու է Անդրկովկասի հայ ժողովրդի և պետականության աշխարհաքաղաքական պատմության առանցքային դերերից մեկը։ Այս մասին Լազարևյան ակումբի հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։
Նրա խոսքով, դժվար է գերագնահատել Արցախի դերը տարածաշրջանում ռազմական հավասարակշռության ապահովման, անվտանգ և կանխատեսելի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ձևավորման գործում, այդ թվում և Ռուսաստանի Դաշնության համար։
«Այսօր մենք պատմության շրջադարձային կետում ենք. մեր երկրներն ու ժողովուրդները բախվում են անվտանգության խորը սպառնալիքների։ Մենք կանգնած ենք լուրջ ընտրության առաջ՝ կա՛մ, հաշվի առնելով արագ փոփոխվող աշխարհակարգը, էական շտկումներ մտցնել մեր կյանքում և գործունեության մեջ, կա՛մ, չնկատելով շարունակվող փոփոխությունները, գլորվել այն դիրքերին, որ մեզ համար պատրաստել են ուժի այլ կենտրոններ։ Սա վտանգավոր հետեւանքներ կունենա, քանի որ առանց չափազանցության կարելի է ասել, որ վտանգված է մեր ընդհանուր ապագան»,- ասաց Բակո Սահակյանը։
Նման հետևանքները կանխելու և սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է ընդգծված սկզբունքային և մաքսիմալ ակտիվ քաղաքականություն վարել, կարծում է նախկին նախագահը։ Եվ այս համատեքստում հատկապես ցուցիչ է Թուրքիայի քաղաքականությունը և նրա գործողությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ և հետո՝ Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմում։
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ամենևին էլ չի թաքցրել և հիմա էլ հստակ նշում է, որ հենց նա է կանգնել Ադրբեջանի կողքին, ակտիվորեն աջակցել նրան Արցախի դեմ ագրեսիայում։ 150,000 բնակչությամբ փոքր Լեռնային Ղարաբաղը, որն իր պետականությունը հռչակեց միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կառուցեց ժողովրդավարական և իրավական հասարակություն, դեմ առ դեմ հայտնվեց 95 միլիոն բնակչություն ունեցող երկրների, ՆԱՏՕ-ի անդամի, հազարավոր միջազգային ահաբեկիչների հետ, մինչդեռ միջազգային հանրությունը լիակատար անգործության էր մատնված: Մեծ ցա է խոսել այս մասին։ Հիմա Արցախը ծանր վիրավոր է, և մեր թշնամիները անթաքույց գայթակղություն ունեն կործանելու Ղարաբաղի հայոց պետականությունը՝ իրենց ծավալապաշտական և մարդատյաց ծրագրերն իրականացնելու համար։ Ակնհայտ է, որ այն ուժերը, որոնք ցանկանում են վերափոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը, դուրս մղել Ռուսաստանին այստեղից և կազմաքանդել հայկական պետականությունը, Լեռնային Ղարաբաղի կործանումը համարում են հաջողության հասնելու հիմնական բաղադրիչ. դա այդպես էր նախկինում և հիմա էլ մենք նույն բանն ենք տեսնում։ Սա չի կարելի թույլ տալ, և քանի դեռ կա հնարավորություն, անհրաժեշտ է համատեղ ջանքերով համապատասխան քայլեր ձեռնարկել»,- հայտարարեց Բակո Սահակյանը։
Ըստ նրա՝ պետք է բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետեւանքներ կունենան։
«Մենք պետք է դադարեցնենք սիրախաղերը, որոնք ուղղակի վտանգ են ներկայացնում մեր ազգային շահերին: Եվ լավ է, որ մեր հասարակություններում կան մարդիկ, ովքեր մեծամասնություն են կազմում, ոորնք իսկապես գնահատում ենև գիտեն հայ-ռուսական հարաբերությունների արժեքը»,- եզրափակեց Բակո Սահակյանը։