Տիգրան Ավինյանի շուրջ օղակը կսեղմվի, Շարժումը սեպտեմբերին կվերսկսի պայքարը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ՀԱԷԿ-ը պետք է փակվի, որպեսզի Արեւմուտքը սկսի նոր ատոմակայան կառուցել: Ահա կոնկրետ ձեւակերպումը. «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։
Սակայն պարզվում է` ՀԱԷԿ-ը մինչեւ 2036 թվականը գործելու է, քանի որ անցած տարեվերջին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վերազինման, ՀԱԷԿ կյանքը երկարացնելու պայմանագիր են կնքել՝ 65 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գումարի դիմաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ գտնվող ընկերությունները պետք է ապահովեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի «կյանքը» երկարացնելուն ուղղված բոլոր աշխատանքները, ռեակտորային տեղակայանքի համակարգերի եւ սարքավորումների հետ կապված աշխատանքները։
Ավելին, կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ զուգահեռ նոր ատոմակայան կառուցելու բանակցություններ են վարում թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: ՀՀ կառավարությունը ՌԴ-ին համոզում է ավելի ցածր հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցել, սակայն նրանք տրամադրված են հզոր էներգաբլոկ կառուցել, որ Հայաստանը դառնա նաեւ էներգիա արտահանող պետություն։ ՀԱԷԿ առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։
Այժմ գործում է միայն 1 էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին, սակայն տեխնիկական վերազինմամբ շահագործման ժամկետը երկարաձգվեց 10 տարով։ Այժմ եւս 10 տարի կձգվի` մինչեւ 2036 թ.։ Ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աշնանը մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից սկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։ Սրբազանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Բագրատ Սրբազանը թե՛ իր մտերիմների շրջապատում, թե՛ քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի սպասելու 2026 թվականի հերթական ընտրություններին, քանի որ օրեցօր իրավիճակն ավելի է բարդանում, իշխանություններն առանց երկմտելու նոր տարածքներ են հանձնում, երկրի սահմանները գնալով փոքրանում են. ուստի մինչև հերթական ընտրություններին սպասելը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։
Սրբազանը հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ ճնշման ներքո իշխանությունները արտահերթ ընտրությունների գնան, այսինքն՝ Բագրատ Սրբազանի օրակարգում արտահերթ ընտրություններն են։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի։ Իշխանական կուլիսներում կարծում են, որ պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է նրան անվստահություն հայտնելու գործընթաց եւ քաղաքապետ է կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով, ի տարբերություն Ավինյանի, կառավարվում է իր կողմից։
Թե ինչով է Ավինյանն արժանացել այդ անբարեհաճությանը, ՔՊ-ում չգիտեն, ասում են՝ չի վստահում, հատկապես քաղաքապետ դառնալուց հետո Ավինյանն ավելի ինքնուրույն է դարձել։ Իսկ Փաշինյանն ինքնուրույններին չի սիրում:
Սրանով է պայմանավորված, որ բացահայտվող «հանցագործությունները» նրա շրջապատի հետ են կապվում: Վերջինն Արաբկիրի թաղապետն էր, ում տնային կալանք տվեցին:
Առաջիկայում կարող են նոր սկանդալային բացահայտումներ լինել, որոնք հող կնախապատրաստեն անվստահության համար։ Օրենքը քաղաքապետին ընտրվելուց հետո 1 տարվա իմունիտետ է տալիս, այսինքն` մինչեւ հոկտեմբերի 10-ը նա անձեռնմխելի է։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն, Ավինյանն Արամ Սարգսյանի եւ Վարդան Ղուկասյանի շնորհիվ է քաղաքապետ դարձել»: