Արցախահայության անվտանգության երաշխավորը և առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահներն են. Աղաջանյան

Մեր արձանագրված ձևակերպումները որևէ կերպ չեն բացառում Արցախի ինքնորոշման իրավունքը կամ այն ձևակերպումները, որոնք դուք առաջարկում էիք: Ընդամենը դրանց օգտագործումը պետք է նպաստեր միջազգային հանրության կողմից ավելի ընկալելի լինելու համար: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ընդդիմության կողմից մշակված հայտարարության տեքստում սրբագրումներ կատարելով իշխանությունը, փաստացի, հրաժարվում է Արցախի հանդեպ ՀՀ պարտավորություններից, ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

«Հրաժարվո՞ւմ ենք, արդյոք, Արցախի անվտանգության երաշխավորի դերից և այլն: Հիշեցնեմ, որ ՀՀ գործող իշխանությունների օրոք է, որ Արցախի Հանրապետությունը ստացել է այնքան բյուջետային  օգնություն, որքան չի ստացել երեսուն տարիների ընթացքում: Սա է մեր պատասխանը պատասխանատվության հարցին»,- ասաց նա:

Արցախահայության անվտանգության երաշխավորի դերից հրաժարվելու մասով էլ Աղաջանյանն ասաց.

«Եռակողմ հայտարարության արդյունքում արցախահայության անվտանգության երաշխավորը և երաշխիքի առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահներն են»:

Ագնեսա Խամոյանն էլ հիշեցրեց ՔՊ նախընտրական ծրագրի խոստումներից մեկը, ըստ որի՝ առաջիկա տարիներին իրենց խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:

«Հիմա դուք հայտարարության մեջ ջնջել եք Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, հրաժարվել եք ինքնորոշման իրավունքից: Ինչո՞վ է պայմանավորված քաղաքականության այս փոփոխությունը»,- հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: