Լավրովի «սառը ցնցուղը»

Լավրովի «սառը ցնցուղը»

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, թե Նախիջևանի ու Ադրբեջանի միջև ճանապարհը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության տակ, միաժամանակ պնդել, թե այդ ճանապարհի անվտանգությունը ռուս սահմանապահները պետք է վերահսկեն. այս թեզին, հիշեցնենք, պաշտոնական Երևանն ընդդիմանում է:

Լավրովը պնդել է, թե պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները եռակողմ հանդիպումներում քննարկել ու անգամ համաձայնեցրել են հաղորդակցության ուղիների բացման չափորոշիչները:

Սերգեյ Լավրովը ենթադրել է, թե այդ պայմանավորվածությունների կատարմանը հավանաբար Արևմուտքն է խանգարել, որն, ըստ Լավրովի, ուզում է Ռուսաստանը դուրս մղել Հարավային Կովկասից։

Ռուսաստանի արտգործնախարարն այսօր ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը Ռուսաստանի տարածքում, հարց բարձրացնելով՝ արդյոք պատրաստ է դրան Երևանը։ Ըստ նրա, Մոսկվան վաղուց նման ազդակներ է ուղարկել Երևան, բայց դեռ արձագանք չի ստացել։
Լավրովի գրեթե բոլոր պնդումները փաստական հենք ունեն, նաև նրանք, որոնք պատասխանատվության հասցեագրում են անում Հայաստանի ուղղությամբ, եթե նույնիսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը հիմնականում տապալել են եռակողմ հայտարարությամբ սահմանված իրենց պարտավորությունները:

Ինչի՞ մասին են Լավրովի բարձրաձայնումները:

Լավրովը գրեթե վստահաբար պնդում է, որ արևմտյան հարթակներին ապավինած Փաշինյանի դիվանագիտությունը ձախողվել է՝ դրանցում հայկական կողմը կորցրել է գրեթե ամեն ինչ՝ չստանալով որևէ երաշխիք Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման համար։

Հիմա Փաշինյանը կանգնած է, ըստ էության, փակուղու առջև:

Փաշինյանի «հանճարեղ» քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը և Ռուսաստանը չեն կատարել Եռակողմ հայտարարությամբ սահմանված իրենց պարտավորությունները, բայց ստեղծել են մի իրավիճակ, որ Հայաստանը չկարողանա հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները կատարելուց, ավելին՝ չկարողանա դուրս գալ այդ հայտարարությունից, որովհետև դա օբյեկտիվորեն համարվելու է casus belli:

Հենց սրա համար ենք պնդում, որ Հայաստանը տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում հիմա կանգնած է ավելի բարդ լուծումների առջև, քան նրանք էին, որոնք նկարագրված էին Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

Այս իմաստով՝ վիճահարույց և կասկածելի ենք համարում, թերևս, Լավրովի այսօրվա այն պնդումը, թե Բաքուն պատրաստ է բանակցությունների ռուսական հարթակում: Ալիևը հաշվարկել է, որ ուղղակի բանակցությունների միջոցով ավելին կարող է կորզել Փաշինյանից:

Վահրամ Բագրատյան