Քանի՞ բանկ և մասնաճյուղ է փակվել Արցախում և ի՞նչ ճակատագիր կունենան Հայաստանում 

Քանի՞ բանկ և մասնաճյուղ է փակվել Արցախում և ի՞նչ ճակատագիր կունենան Հայաստանում 

Արցախի վերջնական հանձնումից և հայաթափումից հետո Արցախում թվով 7 բանկի 17 մասնաճյուղ է փակվել։ Դրանք են «Հայէկոնոմբանկը», «Արցախբանկը», «Արարատբանկը», «Յունիբանկը», «Կոնվերս Բանկը», «Հայբիզնեսբանկը» և «Արդշինբանկը»։ 

Բանկերի փակման վերաբերյալ տվյալները MediaHub-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից։

Բանկերի ու մասնաճյուղերի դադարեցման վերաբերյալ հրամանները ԿԲ նախագահը ստորագրել է Արցախի հայաթափումից հետո տարբեր ժամանակներում։

Մասնավորապես, Կենտրոնական բանկի նախագահի հոկտեմբերի 18-ի որոշումներով թույլատրվել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԱՐՑԱԽ» մասնաճյուղի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Ստեփանակերտ մասնաճյուղի, «Արցախբանկ» ՓԲԸ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, «Դրմբոն», «Տիգրանակերտ», «Հաղթանակ» և «Վերածնունդ» մասնաճյուղերի, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղի, «Յունիբանկ» ԲԲԸ «Ստեփանակերտ» և «Գանձասար» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը: Նոյեմբերի 8-ի որոշումներով դադարեցվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի «Մարտունի», «Մարտակերտ» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերի գործունեությունը, իսկ նոյեմբերի 29-ին ԿԲ նախագահի ստորագրած որոշմամբ դադարեցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» և «Վարանդա» մասնաճյուղերի գործունեությունը։

Վերը թվարկված բանկերն Արցախի հայաթափումից ու բռնի տեղահանումից հետո իրենց մասնաճյուղերի գույքը, բնականաբար, չեն կարողացել փրկել, բայց գումարները մեծ մասամբ կարողացել են տեղափոխել Հայաստան։ 

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախում փակված բանկերի մասնաճյուղերի, նրանց աշխատակիցների, ինչպես նաև քաղաքացիների ավանդների և վարկերի մասով: Թեպետ նկատենք, որ ավանդների և վարկերի մասով որոշ բանկեր արդեն անհատական որոշումներ կայացրել են՝ ի նպաստ շահառուների։

«Այս պահի դրությամբ չեմ կարող ինֆորմացիա տալ, որովհետև քննարկումների մեջ ենք»,-MediaHub-ին ասաց Մարտին Գալստյանը, սակայն չհստակեցրեց, թե հատկապես ինչի շուրջ են այդ քննարկումները։

Վահե Մակարյան