Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցով հայկական կողմը կդիմի ՄԻԵԴ

Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու հարցով հայկական կողմը կդիմի ՄԻԵԴ

Արցախցի Հելեն Դադայանի մարմնի տեղափոխման հարցով Ստրասբուրգի դատարան դիմում կներկայացվի։ Լուրը MediaHub.am-ին հայտնեց ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը գտնում է՝ հստակ իրավունքների խախտում կա, ուստի պետք է անպայման դիմել ՄԻԵԴ։

«Քանի որ խախտումներ կան, դիմում ենք»,- նշեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հույսեր կան։

Հիշեցնենք, որ Գյումրի - Երևան ողբերգական վթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի մարմինը Գորիսի դիահերձարանում է արդեն երեք շաբաթից ավելի։

Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ աղջկա մարմինը Լաչինի միջանցքով անցկացվի ու տարվի Արցախ։ Բաքուն պնդում է, որ Հելենի փաստաթղթերում պիտի ադրբեջանական տեղանուններ նշվեն, իսկ մարմնի տեղափոխման վայր՝ ոչ թե Արցախ, այլ Ադրբեջան։

Նարե Գնունի