«Կոնսենսուս մինուս Փաշինյան». Բագրատ Սրբազանի բանաձևը

Այսուհետ ամեն օրվա ավարտին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կհավաքվի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ օրն ամփոփելու և համակիրների հետ քննարկելու հետագա անելիքները։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Հանրապետության հրապարակ Տելեգրամի ալիքը գրում է, որ ընդդիմության ցույցերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոր թափ են հավաքում՝ընդգրկելով ողջ Հայաստանը: ՀՀ տարբեր մարզերում ճանապարհներ են փակվել՝իրականացվել են բողոքի ակցիաներ, որոնք ՀՀ իշխանություններին հավատարիմ ոստիկանական ուժերով ցրվել են: Ամենամասայական ակցիաները տեղի են ունեցել Հանրապետության հրապարակում, որտեղ Բագրատ Սրբազանի շուրջ համախմբվել են տարբեր ընդդիմադիր թևեր՝ անհատներ, նախկին պաշտոնյաներ և ուժայիններ: Հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ դա 2018թ.-ից հետո ամենամասայական ակցիան էր Հայաստանում:
Բագրատ Սրբազանն ու ընդդիմությունը ցույց տվեցին, որ նրանք կարողանում են փողոցներ մարդկանց հանել՝իրականացնել բողոքի և անհնազանդության ակցիաներ, ճանապարհներ փակել` «լցնել» Հանրապետության հրապարակը: Դա կարևոր էր, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ն տեսնեն, որ ժողովուրդը կանգնել է ոտքի և չի պատրաստվում զիջել կամ հիասթափվել ու նահանջել: Բագրատ Սրբազանի կարևոր մեսիջը կայանում է նրանում, որ նա պայքարելու է մինչև վերջ: Մայր Աթոռը կանգնած է Բագրատ Սրբազանի և ընդդիմության կողքին: ՔՊ-ականները հայտարարել են, որ Փաշինյանի իմպիչմենտի հարցն անգամ քննարկման ենթակա չէ և ՔՊ-ն չի պատրաստվում զիջել իշխանությունն ընդդիմությանը:
Դա կարող է լինել միայն 2026թ.-ի խորհրդարանական ընտրությունների միջոցով՝ էլեկտորալ պրոցեսներով, այլ ոչ թե հեղաշրջմամբ:
«Մեր խնդիրը ՔՊ–ի հետ չէ, մեղք գործածների հետ չէ, մենք պետք է բոլորին հնարավորություն տանք արդարանալու, որպեսզի հաշտություն գոյանա։ Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է և նա պետք է հեռանա խաղաղ ու անցնցում, ինչպես որ ստանձնել է՝ պետական գործչի գիտակցությամբ»,– ասաց Բագրատ Սրբազանը:
Սրբազանի երկրորդ կարևոր մեսիջը ՔՊ-ին էր՝նա նրանց շանս է տալիս դուրս գալ Փաշինյանի դեմ՝միանալ ընդդիմությանը և դրանով ինքնամաքրվելու ճանապարհ անցնել: Այս առումով Բագրատ Սրբազանի գործողությունները կարելի է համարել «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևի կյանքի կոչում՝կոնսենսուս բոլոր քաղաքական, ընդդիմադիր ուժերի, անգամ ՔՊ-ից որոշների, ժողովրդի հետ՝ մինուս մեկ՝Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով:
Ընդդիմությունը շարունակելու է պարալիզացնել Երևանն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը չի զիջել՝ Փաշինյանը կամ պետք է կոշտ, բիրտ մեթոդներով հեռացնի ՀՀ քաղաքացիներին փողոցներից՝ինչն առաջացնելու է հակառակ էֆեկտը՝ էլ ավելի շատ մարդիկ են դուրս գալու փողոց, տեսնելով, թե ինչպես են օրինակ գետնին տապալում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին կամ հասարակ քաղաքացիներին: Իսկ ուժ չկիրառելու դեպքում Փաշինյանը պետք է գնա զիջումների՝ երկար պահել քաղաքը պարալիզացված նա չի կարողանալու՝դա սեփական թիմի կողմից կարող է ընկալվել, որպես թուլության, վախի նշան:
Ընդդիմությունը ցանկանում է կրկնել 2018թ.-ի սցենարը՝ փողոցային, ոչ բռնի, ցանցային պայքարի: Վաղվա անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն` ձեւավորվելով բոլոր ունակ եւ ընդունակ, բարձր մասնագիտությամբ մարդկանցով: Այս մասին մայիսի 12-ին, Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը: «Հնարավորություն տալով անկախ կուսակցական պատականելության եւ այլ մարդկանց` ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ: Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը»,-նշեց նա:
Բագրատ Սրբազանը լայն կոնսենսուսի մասին է հայտարում՝ դե-ֆակտո դա նշանակում է մերիտոկրատիա՝լավագույն մասնագետների, փորձառու քաղաքական, ռազմական գործիչների ներգրավվում ապագա, անցումային կառավարության մեջ՝երկիրն այս անդունդից դուրս հանելու համար: Այսինքն, ապագա կառավարության մաս կարող են կազմել ցանկացած կուսակցության ներկայացուցիչները, եթե նրանք ունեն համապատասխան քաղաքական փորձ՝ անցած ճանապարհ, ունակ են կյանքի կոչելու տնտեսական, ռազմա-քաղաքական լուրջ ծրագրեր: Դա շատ կարևոր մեսիջ է, քանի որ այս պարագայում հնարավոր է հասնել համազգային համերաշխության՝ ՀՀ-ում չձևավորել նոր քաղաքական խրամատներ՝ սևերի ու սպիտակների նոր բաժանումներ:
Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ, շահեր ներկայացնող։ Այս մասին մայիսի 12–ի հանրահավաքին, հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Ապակուսակցական վարչապետի գաղափարը շատ կարևոր է՝ ՀՀ քաղաքացիները հոգնել են թե Փաշինյանից ու ՔՊ-ից, թե նախկիններից: Այս պարագայում կարևոր է գտնել կոնսենսուսային թեկնածու, որն ընդունելի կլինի թե էլիտաների համար, թե ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացիների: Այդպիսի թեկնածու կարող է դառնալ հենց Բագրատ Սրբազանը, չնայած նա մի քանի անգամ շեշտել է, որ ապագա վարչապետի մասին խոսելիս ինքը իրեն նկատի չի ունեցել:
Բագրատ Սրբազանը կարող է կրկնել Կիպրոսի Հանրապետության նախագահ՝ արքեպիսկոպոս Մակարիոսի ճակատագիրը: Մակարիոսը 1960-1977թթ.-ին եղել է Կիպրոսի Հանրապետության նախագահը: Բագրատ Սրբազանը կարող է լինել անցումային կառավարության վարչապետ, ով կնախապատրաստի նոր խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում քաղաքական ֆիգուր կգա իշխանության:
Իսկ Փաշինյանը պայքարելու է մինչև վերջին «քաղաքական փամփուշտը»՝ Ադրբեջանը նույնպես կարող է օգնել Փաշինյանին՝ռազմական սադրանքներ իրականացնելով սահմանում, որպեսզի Փաշինյանն ունենա լեգիտիմ պատճառ՝երկրում ռազմական դրություն հայտարարելու և բոլոր տեսակի ցույցերը արգելելու համար: