Հայաստան, Արցախ, ներքաղաքական ինտրիգներ. Մամուլը՝ սուրճով

Հայաստան, Արցախ, ներքաղաքական ինտրիգներ. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Չնայած Ռուբեն Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի հարաբերություններն արտաքուստ թեւակոխել են խաղաղ կարգավորման փուլ, սակայն Արցախի աղբյուրներն ասում են, որ դա թվացյալ է։ ՀՀ իշխանությունները շարունակում են Ռուբեն Վարդանյանի ազատման հարցով Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ գործադրել, եւ Արցախում չեն բացառում, որ ինչ-որ պահի ԱՀ նախագահը կընկրկի։

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձն ինչ է հայտնել Ազգային անվտանգության ծառայությունում: Նա մասնավորապես նշել է, որ ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն կարծում է, որ իր հարվածը Արարատ Միրզոյանին չի հասել: Նախաքննության շահերից ելնելով՝ Ա.Բ-ի անուն-ազգանունը ամբողջությամբ չենք ներկայացնում: Ամեն դեպքում, նշենք, որ նա Երեւան քաղաքի բնակիչ է, ամուսնացած է եւ ունի երեխաներ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության արգելքի առիթով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեում դոփում է տեղում: Շուրջ երկու տարի է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեում այս գործով քննությունը շարունակվում է, սակայն մինչ օրս քրեական գործով մեղադրյալ չկա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործը: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

«Հրապարակ» թերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հաջողվել է համոզել Վիտալի Բալասանյանին, եւ մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, նրան կնշանակի ռազմական գծով խորհրդական եւ կլիազորի շարունակել բանակցություններն ադրբեջանցիների հետ, մի բան, որը Բալասանյանն անում էր ԱԽ քարտուղարի պաշտոնում։

«Հրապարակ» թերթը գրում է․

Սովորաբար ԱԺ արարողակարգի, արտաքին կապերի վարչության մասնագետները գործուղվում են ԱԳՆ-ից եւ ազատվելով՝ վերադառնում ԱԳՆ։ ԱԳՆ-ից ԱԺ է գործուղվել  Ալեքսանդր Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի նախկին պատասխանատուն։ 2019-ին Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, որ նա ինչ-որ պայուսակ է փոխանցել Ալիեւի օգնականներից մեկին, հետո հերքեցին, թե պայուսակը վարչապետի աշխատակազմի արարողակարգի նախկին պետ Մանվել Ավետիսյանին է փոխանցել։

Բայց Մխիթարյանը Փաշինյանի մոտ 1 տարի էլ չաշխատեց` հունիսին նշանակվեց, ապրիլին ազատվեց, պաշտոնանկության տարբեր վարկածներ շրջանառվեցին: Մեկն Աննա Հակոբյանի եւ Մեհրիբան Ալիեւայի հանդիպման մասին արտահոսքն էր, մյուսը՝ 2019-ին, քառօրյայի տարելիցի ժամանակ վարչապետի այցը Եռաբլուր պատշաճ չկազմակերպելը, երբ կառավարության անդամները շարված չէին դիմավորել նրան։ Գուցե սրանով է պայմանավորված, որ նա միայն 3 ամսով է նշանակվել ԱԺ արարողակարգի պետ:

«Հրապարակ» թերթը գրում է․

Հանրապետական կուսակցությունում, մեզ հասած տեղեկություններով, հակված չեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրել առաջիկայում սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու։

Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀԿ-ն իր անցկացրած հարցումների արդյունքում պարզել է, որ Մարգարյանի ռեյտինգն այնքան էլ բարձր չէ։ Նեղ շրջանակում քննարկել են այլ թեկնածություններ։ Ոմանք կարծում են, որ հնարավոր է ՀՀԿ-ն կանգնի Արմեն Աշոտյանի թեկնածության վրա, իսկ հնարավոր է, որ պաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը, եթե նա որոշի առաջադրվել։ 2018-ի իշխանափոխությանը հաջորդած խորհրդարանական ընտրություններին, երբ երկիրը համատարած Սերժ էր մերժում, Արմեն Աշոտյանը մայրաքաղաքի ամենավարկանիշային ՀՀԿ-ականը դարձավ՝ ռեյտինգային ընտրակարգով կենտրոնում ստանալով մոտ 2 հազար 500 ձայն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Գավառ համայնքի մանկապարտեզի վճարներին վերաբերող հարցով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 2021-ի դեկտեմբերի 5-ի Գավառի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաղթանակ չտարած Նարեկ Գրիգորյանը հանդես եկավ: Նա տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրում էր պարզաբանել Գավառի ավագանու այն որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք մանկապարտեզներ վճարովի են դարձել, իսկ վճարովիների ամսավճարն էլ կրկնակի կամ եռակի անգամ թանկացել է։ 

Բանն այն է, որ Նարեկ Գրիգորյանը Գավառի ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն էր, ու այժմ, փաստացի, խոսելով Գավառի ավագանու որոշումներից՝ խախտում է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի էթիկայի վերաբերյալ դրույթները: Ակներև է, որ նա, երևույթի կողմերից մեկը լինելով, խնդիրը փորձում է սեփական շահին ծառայեցնել:

Պատգամավորի այս հայտարարությունը, կարծում ենք, հիմք կարող է լինել, որ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկի հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ, նախկինում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հայրը ՀՀԿ-ի իշխանության տարիներին հասցրել է մեղադրվել կոռուպցիոն մի աղմկահարույց գործի շրջանակներում: Խոսքը ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանի մասին է, որը հայտնի է նաեւ որպես վեդեցի Տոզդոյի Աշոտ: Դեռ 2014 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով: Ըստ այդ ժամանակ առկա տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը վիդեոկոնֆերանսների սրահի սպասարկման համար հափշտակել էր շուրջ 455 հազար ԱՄՆ դոլար, եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ունեցել է ՊՆ-ում հզոր տանիք՝ ի դեմս ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի, որն Աշոտ Սարգսյանի համերկրացին է: Կալանքի տակ էր գտնվում, սակայն, միայն Աշոտ Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ն երեկ հերթական անգամ աչքի ընկավ ընդդեմ լրագրողների իր հերթական նախաձեռնություններով և հայտարարություններով:
Այս անգամ էլ հերթը Զարուհի Բաթոյանինն էր: Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը մոռացության տված՝ պատգամավորը երեկվա կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի հանկարծ հիշել էր լրագրողներին:

Ըստ իշխանական պատգամավորի՝ լրագրողների գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության և պետության համար:

«Փաստ» օրաթերթը գրում է

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը մերթընդմերթ ակտիվանում է սոցցանցերում, իսկ վերջին օրերին գրառումներ է կատարում Ֆեյսբուքի իր էջում, որն ավելի շատ «մերմուարներ» է հիշեցնում: Այս «ժանրի» համբարձումյանական գրառումները շատերի շրջանում, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տվել։ Ըստ նույն սոցիալական հարթակներում տեղ գտած արձագանքների, շատերն են զարմացած, որ ԱԱԾ երկարամյա ծառայողը, ըստ էության, հանդես է գալիս կարևոր իրադարձությունների շուրջ մակերեսային, պարզունակ, երբեմն նաև հակասական դատողություններով:

Սա մարդկանց շրջանում տարակուսանք է առաջացնում թե՛ այդ դատողությունների հեղինակի, թե՛ գրառումների նպատակների վերաբերյալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել, և նրա ժամանակ առ ժամանակ ակտիվացումը տարբեր հարթակներում բխում է այդ նպատակներից։ 

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ պետական պարտքը, նախորդ տարեվերջի տվյալներով, վաղուց հատել է 10 մլդ-ի սահմանը: Մասնագետներն անընդհատ ահազանգում են, որ այս առումով ևս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հատել է բոլոր «կարմիր գծերը», իսկ Փաշինյանն իր հերթին պարբերաբար հայտարարում է, թե վարկեր վերցնելու մեջ վատ բան չկա, թե չկա երկիր, որ պարտք չունենա և այլն։ Այնինչ, նույն Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ միշտ դեմ էր քվեարկում բոլոր վարկային համաձայնագրերին՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ վարկն ինչ նպատակներով էր օգտագործվելու։ Անցյալ տարվա վերջին ԱԺ-ն վավերացրեց ևս մի քանի վարկային համաձայնագրեր:

Այսպիսով, այս իշխանությունները «հաջողացրեցին» չորս տարում ամբողջովին խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի առավելագույնը 60 %-ի շեմը. այն կազմում է գրեթե 64 %։ Սակայն, ինչպես երևում է, այս ամենը դեռ «ծաղիկներն» են, և Փաշինյանի կառավարությունը շարունակում է վարկ վերցնելու քաղաքականությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, փետրվար-մարտ ամիսներին նոր վարկային համաձայնագիր է ստորագրվելու։ Խոսքը Ասիական բանկից նոր՝ բավական մեծ ծավալի վարկի մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ գումարները հիմնականում ուղղվելու են պետական որոշ համակարգերում նոր փոփոխություններ իրականացնելուն։

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում գտնվող արցախցի 19 երեխա վերադարձել է Արցախ: Այս տեղեկությունը բավականին մեծ ոգևորություն էր առաջացրել թե՛ Արցախում, թե՛ Երևանում: Սակայն շուտով պարզվեց, որ այդ երեխաների տեղափոխումը, մեղմ ասած, առանց միջադեպերի չի անցել: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային է մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցի՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այս լուրը բավականին մեծ զայրույթ առաջացրեց հանրության շրջանում, մարդիկ փորձում էին հասկանալ՝ ո՞վ է թույլ տվել այդ երեխաներին տեղափոխել միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, առանց համապատասխան մարմինների ներկայության, առավել ևս ոչ թե ցերեկը, այլ մութ ժամանակահատվածում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս որոշման «գլխին» կանգնած է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախի իշխանության մեջ հակասություններ են եղել՝ մասնավորաբար թե՛ ուշ ժամի առումով, թե՛ միայն Սյունիքում մնացած, այլ ոչ թե Հայաստանում գտնվող բոլոր երեխաներին տեղափոխելու որոշման, թե՛ այդ գործընթացի կազմակերպչական դետալների հետ կապված:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի: Պատճառը 2021 եւ 2022 թվականներին ավտոբուսների ձեռքբերման գործընթացն է, ինչը շատ հարցեր է առաջացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ:

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշակի ժամանակ Փաշինյանի պատգամավորներն Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների հարցում լուռումունջ էին, ձայնները դուրս չէին գալիս։ Հնարավոր է՝ դա կոնկրետ հանձնարարություն էր, հնարավոր է՝ տոնական թմբիրից դեռ դուրս չէին եկել: Երևի երկուսն էլ: Այդուամենայնիվ, ֆիքսենք, որ նրանք ինքնուրույն նույնիսկ լռել չեն կարող։ Շատ տիպիկ բնորոշում տրվեց ժամանակին իշխող ուժի պատգամավորների մասին, թե նրանք Նիկոլի «ուսապարկի» կարգավիճակում են։ Բայց, ահա, նույն «ուսապարկերն» արդեն սկսել են ակտիվանալ ու, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարություններ անել Արցախի հետ կապված։

Ու ինչքան խոսում են, այնքան շատ են ինքնախոստովանական «ցուցմունք» տալիս իրենք իրենց դեմ՝ օր օրի ավելի բացելով իրական դեմքներն ու նպատակները: Ու քանի որ քպականները առաջնորդվում են ոչ թե պետության, այլ Փաշինյանի գծած ուղեծրով, ուստի նրանք մեկը մյուսի հետևից սկսեցին այնպիսի հայտարարություններ անել, որոնք ոչ միայն հայկական շահերը չեն սպասարկում, այլև բխում են թշնամու շահերից ու խոսույթից։ Օրինակ՝ քպականներն անընդհատ շրջանառության մեջ են դնում «Ղարաբաղի հայերը» արտահայտությունը։ Այսպիսի տերմինալոգիան ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, քանի որ դա տարիներ շարունակ եղել է հենց նրանց ձևակերպումը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի թիմակիցների մանիպուլացիաների շարքում այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է քաղաքային իշխանության ղեկավարների հայտարարությունները: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար որպես լավ լուր է ներկայացնում հանրային տրանսպորտի ռեֆորմի իրականացման մանրամասները, սակայն «Փաստերի ստուգման հարթակ»-ն ուսումնասիրել է, թե որքանով են ավտոբուսների ներկրման ու, առհասարակ, տրանսպորտային ռեֆորմի վերաբերյալ գործող քաղաքային իշխանության հայտարարած ժամկետները պահվում: Իրականում ներկայացված ժամկետները հեռու են իրականությունից:

Հրաչյա Սարգսյանի կառավարման շրջանում՝ 2022-ի օգոստոսին, նա տեղեկացրեց, որ «մրցույթների արդյունքում չինական Zhong Tong մակնիշի 150 հատ ավտոբուս եւ Yutong մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչեւ տարեվերջ կներկրվեն մայրաքաղաք: 2 ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին, Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց ավտոբուսների արտադրության գործընթացից եւ կրկին վերահաստատեց, որ մինչեւ տարեվերջ դրանք կհասնեն Երեւան։ Այս անգամ քաղաքապետը գրել էր արդեն 165 ավտոբուսների մասին։ Արդեն նոյեմբերի 14-ին մեկ այլ տեսանյութ տեղադրելով՝ քաղաքապետը հայտնեց, որ 150 ավտոբուսներն արդեն Չինաստանի նավահանգստում են եւ օրեր անց կուղեւորվեն Երեւան։

Զուգահեռաբար քաղաքապետը հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին տեսանյութեր տեղադրեց նաեւ ձեռք բերվող 15 նոր տրոլեյբուսների վերաբերյալ, սակայն երկու դեպքում էլ խուսափել էր կոնկրետ ժամկետ նշել, թե երբ դրանք կլինեն Հայաստանում։ Արդեն նոյեմբերի 21-ին Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ տրոլեյբուսները մինչեւ տարեվերջ կլինեն Երեւանում։ Տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին, Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ MAN մակնիշի 87 նոր ավտոբուսներից 4-ը արդեն Երեւանում են, մինչեւ տարեվերջ Երեւան կհասնի նաեւ Zhong Tong մակնիշի 30 ավտոբուս: Հաջորդ օրը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով տրանսպորտի վերաբերյալ հարցին, քաղաքապետը հայտնեց, որ MAN մակնիշի ավտոբուսները մինչեւ հունվարի վերջ կլինեն Երեւանում։

Քաղաքապետը խոստացավ նաեւ, որ, բացի 87 MAN ավտոբուսներից, 150 Zhong Tong ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները եւս մինչեւ հունվարի վերջ կլինեն Երեւանում։ Դրանից մեկ շաբաթ անց՝ հունվարի 4-ին, Երեւան հասան 150 ավտոբուսներից 30-ը։ Նկատենք՝ Երեւան քաղաքի տրանսպորտային նոր համակարգի վերաբերյալ խոստումը չկատարվեց Հայկ Մարությանի օրոք, չի կատարվել մինչ այժմ, իսկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մինչեւ նոյեմբերի վերջ շարունակում էր խոստանալ, որ գնված ավտոբուսներն ու տրոլեյբուսները այստեղ կլինեն տարեվերջին։

Ստացվում է՝ գործ անել չգիտեն, բայց լավ PR են կարողանում անել, իսկ քաղաքացուն տված խոստումը մնում է օդում: