Էրիկն ինքն է իր գործի ռազմավարությունը մշակում․ կա՛մ երկու ամիս կալանք, կա՛մ արդարություն․ փաստաբան

Էրիկն ինքն է իր գործի ռազմավարությունը մշակում․ կա՛մ երկու ամիս կալանք, կա՛մ արդարություն․ փաստաբան

Գրավի միջնորդություն չենք ներկայացրել, նման օրակարգ չենք քննարկել, այս պահին խափանման միջոցի հետ կապված միակ գործողությունը, որ արվել է՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելն է եղել Քրեական վերաքննիչ դատարան։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ խոսելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի մասին։

Դիտարկմանը, թե մնում է սպասել իրենց որակմամբ արդարության կամ կալանքի երկու ամիսը լրանալուն՝ փաստաբանը պատասխանեց՝ այո։

«Էրիկն ինքն է իր գործի ռազմավարությունը մշակում, այն, որ նա կալանքի տակ է՝ իր իրավաբանական գիտելիքները կասկածի տակ չեն դրվում, ինքն է որոշում, թե ինչ միջնորդություններ պետք է ներկայացվեն, իսկ մենք պարզապես դատավարական առումով այդ ամենը կյանքի ենք կոչում»,-ասաց նա։

Խոսելով դատավարությունից ակնկալիքների մասին՝ Կոչուբաևն ընդգծեց, որ այս պահին բարդ է առհասարակ ենթադրություններ անել՝ հաշվի առնելով այն, որ արդարադատությունն ուղիղ կապ ունի այն անձի հետ, որը կքննի բողոքը։

«Սպասենք վերաքննիչ բողոքի մակագրությանը, որից հետո կխոսենք մեր ակնկալիքների մասին»,-շեշտեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։


Լիաննա Թորոսյան