Իշխանությունն այսօր անտեր է. «ո՞վ է բերել Փաշինյանին» օրակարգից պետք է անցում կատարել «ինչպե՞ս հեռացնել» օրակարգին

Իշխանությունն այսօր անտեր է. «ո՞վ է բերել Փաշինյանին» օրակարգից պետք է անցում կատարել «ինչպե՞ս հեռացնել» օրակարգին

Սովորաբար այն հասարակություններն են ազգային խնդիրների համար միասնաբար ոտքի կանգնում, որտեղ հստակ ձևավորված է քաղաքացիական հասարակություն, ու գիտակցում են, որ առկա խնդիրների չլուծման դեպքում վտանգվելու է պետականությունը, ինչը կործանարար ազդեցություն է ունենալու նաև իրենց վրա։ Իհարկե, քաղաքացիական հասարակություններում նույնպես որոշ շերտեր ոտքի են կանգնում անմիջապես իրենց վերաբերող խնդիրների լուծման համար, բայց այն դեպքում, երբ պետականությանը սպառնացող վտանգ կա։

Մնացյալ դեպքերում հասարակությանը ոտքի հանողը բացառապես սոցիալական խնդիրներն են, որոնց համեմատ երբեմն ազգային հարցերն ու վտանգները երկրորդվում են։

Եթե չտրվենք ինքնախաբեության, ապա պետք է խոստովանենք, որ մեզ մոտ քաղաքացիական հասարակություն դասական առումով դեռևս ձևավորված չէ, ու քաղաքականապես միամտություն կլինի կարծելը, որ կհաջողվի ողջ ազգին ոտքի հանել միայն հիմք ընդունելով ազգային խնդիրները։ Առանց սոցիալական լուրջ բաղադրիչի, որքան էլ ցավալի լինի, բայց հասարակության լայն կոնսոլիդացիա ապահովել հնարավոր չէ։ Այլ խոսքով նշանակում է՝ հնարավոր չի լինի լուծել գլխավոր խնդիրը՝ իշխանափոխությունը, իսկ առանց իշխանափոխության չեն լուծվելու նաև ազգային խնդիրները։

Իհարկե, կա նաև ազգային զարթոնքի գործոնը, բայց սովորաբար ազգային զարթոնքները լինում են այն ժամանակ, երբ տվյալ հասարակությունն արդեն զրկված է լինում պետականությունից կամ ապրում է ստրկական պայմաններում։

Այսօր ստեղծվել է բացառիկ իրավիճակ, երբ հասարակության մի ստվար հատված պայքարում է հանուն ազգային խնդիրների, մի այլ հատված ոտքի է կանգնել լուծում տալու սոցիալական հարցերին, իսկ մեկ այլ հատվածի մոտ էլ, թեպետ էլի սոցիալական, բայց զգացվում է խուլ դժգոհություն իշխանությունների հանդեպ, այսինքն` իշխանություններն այլևս չունեն ծանրակշիռ հենարան և ոչ մի ասպեկտով։

Նման պարագայում քաղաքականապես գրագետ ու ճիշտ քայլերի դեպքում հնարավոր կլինի մեկտեղել հասարակության այդ 2-3 հատվածներին էլ, որովհետև որքան էլ այդ հատվածների նպատակները տարբեր լինեն, այնուամենայնիվ, բոլորն են հասկանում, որ քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, լուծում չի տրվելու ո'չ առաջին, ո'չ էլ երկրորդ խնդրին։

Եթե ընդդիմությունը կենտրոնանա ոչ թե «ո՞վ է բերել Նիկոլ Փաշինյանին», այլ «ինչպե՞ս ազատվել Նիկոլ Փաշինյանից» օրակարգի վրա, ապա իսկը գործելու ժամանակն է։ Երկրորդ նման հնարավորություն կարող է շատ ուշ տրվել, քանի որ օբյեկտիվորեն իշխանությունը գործելու շատ ավելի մեծ լծակներ ունի, քան ընդդիմությունը։ Իսկ այսօր իշխանությունը աստիճանաբար հայտնվում է փողոցում, դառնում է անտեր, հետևաբար քաղաքականապես գրագետ ու հաշվարկված գործելու դեպքում, միանշանակ գործող իշխանությունը կարճ ժամանակում կդառնա նախկին։

Կարեն Կարապետյան