Ռուսաստանի բարդ երկընտրանքը

Ռուսաստանի բարդ երկընտրանքը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է տրանսպորտային կապերի վերականգնում ամենամոտ ապագայում։

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով», - հայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ իրավիճակի թուլացման համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում, և Մոսկվան ակնկալում է «տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»։

Մարիա Զախարովան հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը:

Ռուսաստանի գնահատականը, համեմատած միջազգային այլ արձագանքների հետ, շատ ավելի զուսպ է ու դա բնական է, որովհետև հենց Մոսկվան է հողի վրա իրականացնում ամենաբարդ գործառույթը՝ միջնորդական առաքելությունը:

Առհասարակ, Մոսկվան հայտնվել է մի բարդ երկընտրանքի առաջ:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության թիրախներից, հասցեատերերից մեկը հենց Ռուսաստան է: Բաքուն, Լաչինի միջանցքի ճգնաժամով, աշխարհաքաղաքական նոր իրավիճակում փորձում է ճշտել Մոսկվայի «կարմիր գծերը», միով բանիվ՝ ձգտում է հասնել նրան, որ դիվերսիֆիկացվեն ռուսական խաղաղապահ առաքելության ապահովության կոմունիկացիաները ու Արցախում գտնվող ռուսները հարկադրված լինեն իրենց կարիքները հոգալ Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքների միջոցով:

Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը երկու ճանապարհ ունի:

Առաջինն այն է, ինչ նրանից ակնկալում է նաև մեր հասարակությունը՝ ուժի, հարկադրանքի միջոցով Լաչինի ճանապարհի բացումը: Բայց սա մի ճանապարհ է, որը կարող է հանգեցնել լայնամասշտաբ նոր պատերազմի՝ ճակատագրական դառնալով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ու առաջին հերթին՝ Հայաստանի համար:

Մնում է ճգնաժամի հաղթահարման քաղաքական- դիվանագիտական ուղին, ինչով էլ զբաղված է Մոսկվան: Ամբողջ խնդիրն այն է, թե այս պարագայում Բաքուն ի՞նչ կպահանջի Մոսկվայից, նրա միջոցով՝ նաև Հայաստանից:

Վահրամ Բագրատյան