Փաշինյան-Միշուստին առանձին հանդիպում նախատեսվա՞ծ է

Հոկտեմբերի 1–ին Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան և կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին։
Երևան կժամանեն նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների կառավարության ղեկավարները:
Երևանյան նիստը վարելու է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը, հիշեցնենք, 2024-ին նախագահում է ԵԱՏՄ-ում:
MediaHub-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ նախատեսվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի առանձին հանդիպում: Պատասխանն ավանդական էր.
«Չունենք տեղեկություն, որ եղավ, կտեղեկացնենք»։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրների վարչապետերը կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային հանդիպումներն ավանդաբար անցկացվում են Հայաստանում, իսկ վերջին նիստն անցկացվել է Բելառուսում՝ հունիսին։
Մարիաննա Արամյան