Գեղամ Գևորգյանը իշխանության «սրտի օլիգարխ» է ստեղծում

Գեղամ Գևորգյանը իշխանության «սրտի օլիգարխ» է ստեղծում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի(ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանն է, ով օգնում է իշխանության «սրտի օլիգարխի» կայացմանը։

Ի՞նչ են ահազանգում պատգամավորները

«Հավկիթի շուկայում տևական ժամանակ խնդիր կա, և որևէ պետական հիմնարկ չի միջամտում ու հարցին լուծում չի տալիս: Խոշոր ընկերություններից մեկը ձվի գինը էժանացրել է, և մի շարք ընկերություններ տուժել են, իհարկե, լավ է, որ մեր հայրենակիցները կարող են էժան հավկիթ գնել, բայց որ դրանից տուժում են այլ հայրենակիցներ, դա խնդրահարույց է»,- այս մասին երեկ ԱԺ-ում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Ի դեպ, մրցակցային կանոնների խախտումն արդեն հանգեցրել է նրան, որ երեկ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան փակվել է, 88 աշխատող մնալու է անգործ:
Ձվի գինն, իհարկե, էժան չի մնալու։

Ըստ ամենայնի, իշխանության թողտվությամբ կամ հովանավորությամբ, «Շիրակ» թռչնաֆաբրիկայի գործունեության հետևանքով մի շարք մանր թռչնաֆաբրիկաներ պետք է փակվեն, որից հետո շուկայում կստեղծվի մենաշնորհ՝ դրանից բխող կոռուպցիոն, տնտեսական, սոցիալական հետևանքներով։

Երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ակնարկել է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը, ով վերջերս կասկածելի հանգամանքներում տիրացավ «Գոլդեն Փելես» հյուրանոցին, իշխանության հետ փոխկապակցված անձնավորություն է։

Այնպիսի տպավորություն է, որ Նարեկ Նալբանդյանը դառնում է իշխանությունների «սրտի օլիգարխը»։

Ո՞վ է ապահովում է «սրտի օլիգարխի» թռիչքը

Պաշտոնյայի մի տեսակ գոյություն ունի՝ զրո սկզբունքով, որը պատրաստ է ծառայել ցանկացած իշխանության։
Գեղամ Գևորգյանի «աստղը» բացել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց դա չի խանգարում, որ նա այսօր հավատարմորեն ծառայի Նիկոլ Փաշինյանին։

Ձվի շուկայում ստեղծված իրավիճակին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը տվել է ծիծաղելի ու անհեթեթ գնահատական։ «Շիրակի թռչնաֆաբրիկան չունի նույնիսկ 10 տոկոսի շեմը և չի կարող շուկայում դեմփինգ իրականացնել։ Ընդամենը շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինը իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս սկսում են գին իջեցնել»,- ասել է նա։

Գեղամ Գևորգյանն ակնհայտորեն քողարկում է իշխանության կուլիսներում գրված մի սցենար, որի կատարմանը լծվել է՝ նպաստելով Փաշինյանի ավտորիտարիզմի տնտեսական հիմքերի ստեղծմանը։

Վահրամ Բագրատյան