Աննա Հակոբյանի քաղաքական հայտն ավելի է ուրվագծվում

Աննա Հակոբյանի քաղաքական հայտն ավելի է ուրվագծվում

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի աչքի ընկնող ակտիվության մասին MediaHub-ը մեկ անգամ չէ, որ գրել է:

Գրել ենք նաև, որ այս ամենը դիտարկում ենք ու ընկալում ենք որպես քաղաքական հայտ, և իր ամեն ակտիվ շրջագայությամբ, գրառմամբ, ակտիվությամբ Աննա Հակոբյանը կարծես հաստատում է այդ կանխատեսումները:

Վերջին շաբաթվա ընթացքում Աննա Հակոբյանն ամենօրյա ռեժիմով է տեղեկացնում, թե որտեղ է եղել, ինչ է արել, հրապարակում է նաև լուսանկարներ, որպեսզի ցույց տա, թե ինչպես են իրեն դիմավորում-ճանապարհում պաշտոնավոր մարդիկ ու ինչ ընդունելության է նա արժանանում: Ասել է թե՝ Հակոբյանը, որը Փաշինյանի իշխանության գալուց նրա թևի տակ էր, քայլերթերի ժամանակ հնարավորինս  խուսափում լրագրողների հետ շփումներից, որպեսզի Փաշինյանի առաջնորդի կերպարը որևէ մեկով, այդ թվում և իրենով չստվերի, այժմ ստվերել է Նիկոլ Փաշինյանին հենց իր ակտիվությամբ:

Փաշինյանը, հիշեցնենք, մարդկանց գիտակցության մեջ սերմանեց, թե, իբր, ամենաբաց, ամենափաթանցիկ, ամենահասանելի երկրի ղեկավարն է նորանկախ Հայաստանի պատմության երեսուն տարիների ընթացքում, ով աշխատանքի հեծանվով է գնում (ընդամենը մեկ անգամ), զանգում պատահական հեռախոսահամարներով շփվելու շարքային քաղաքացիների հետ ( դա էլ երկու-երեք անգամ), հաճախակի լայվ է մտնում իր աշխատասենյակից (իսկ հիմա միայն նախապես գրված հարցերով հարցազրույցներ տալիս Հ1-ին) ու ընդհանրապես՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դուռը ծեծել ու մտնել իր տուն: Բայց, ինչպես ցույց տվեցին կյանքն ու ժամանակը, այս ամենն ուղղակի միֆ էր և Փաշինյանը իր փակ լինելով աշխարհի որևէ առաջնորդից չի տարբերվում:

Եվ ահա նրա այս ակնհայտ փակվելու, շարքային քաղաքացիներից պատսպարվելու ու ցանկացած շփում նվազագույնի հասցնելու ֆոնին նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, անում է հակառակը ու գնում այն նույն ճանապարհով, ինչ Փաշինյանը 2018-ին. այցելում մարզեր, շփվում-գրկախառնվում մարդկանց հետ, մտնում նրանց տներ, այցելում զոհված զինծառայողների ընտանիքներ կամ զոհվածների  ծնողների ուղեկցությամբ համերգի մասնակցում, մեկնում արտերկիր ու հանդիպում այդ պետությունների առաջին տիկնանց հետ, մասնակցում միջազգային համաժողովների…. Աննա Հակոբյանը նույնիսկ ֆուտբոլային ակումբ է այցելել: 

Չմոռանանք իր ակտիվության մասին սոցիալական ցանցերում՝ ամեն օր գրառում, նոր լուսանկար և հիմնականում դրանցում Նիկոլ Փաշինյանն ուղղակի բացակայում է: Կա միայն Աննա Հակոբյան ու իր շուրջ տեղի ունեցող զարգացումներ:

Այս ամենը միայն մի նպատակ կարող է հետապնդել՝ ընտելացնել մարդկանց իր անձին, իր նոր կարգավիճակին, որում Փաշինյանն այլևս չկա/չի լինելու, քաղաքացիներին ցույց տալ, որ ինքն առանձին անհատ է, թեև ԴԵՌ իր անվան դիմաց գրվում է «վարչապետի տիկին»: Մինչև ուր այսպես՝ կտեսնենք:

Քաղաքական հայտը, կրկնում ենք, ոչ միայն ուժի մեջ է, այլև օր-օրի միս ու արյուն է ստանում...

Լիա Խոջոյան