Կայացավ Արզաքանցյանի կուսակցության հիմնադիր համագումարը

Կայացավ Արզաքանցյանի կուսակցության հիմնադիր համագումարը

Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։ Այս մասին նշում են կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Նաև հայտնում են, որ համագումարի մեկնարկին Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ իր շուրջ հավաքելով հայրենասեր հայորդիների ստեղծել է նախաձեռնող խումբ և անհրաժեշտ համարել՝ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական կուսակցություն հիմնելու գործընթացը։

«Իմ՝ որպես հայորդու կենսագրությունն ու կատարած աշխատանքները, ինչպես գործարար այնպես էլ բարեգործության ոլորտներում, արդեն հայտնի են շատերին, որոնք հավատալով և վստահելով իմ ազնվությունը, հայրենասիրությանն ու հաջողված գործունեությանը հավաքվեցին իմ շուրջը և այսօր վստահ ու համարձակ անցկացնում ենք մեր հիմնադիր համագումարը։ Մեր գործունեությունը սկսելու ենք առաջնահերթ մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը վերաբերող գործերով»,- նշեց Տիգրան Արզաքանցյանը։

«Ուժը Հայրենյաց» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվեցին ղեկավար մարմինները։ Կուսակցության ղեկավարի պաշտոնում առաջադրված Տիգրան Արզաքանցյանը միաձայն ընտրվեց որպես կուսակցության նախագահ, բարձրագույն խորհրդի նախագահ ընտրվեց Նատալիա Ռոտենբերգը, գործադիր մարմնի նախագահ՝ Պերճ Մեսրոպյանը, իսկ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ դարձավ Ռուբեն Այվազյանը։