Հնարավո՞ր է խնձոր ուտել կեղևով և ի՞նչ կլինի, եթե սերմը կուլ տաք

Խնձորը հարուստ է բջջանյութով, որն անհրաժեշտ է նորմալ մարսողության համար. 100 գրամանոց միրգը պարունակում է 2,5 գ սննդային մանրաթել, և դրա մեծ մասը, ինչպես նաև օգտակար պոլիֆենոլները, կեղևի մեջ են։
Բջջանյութի և հեղուկի մեծ քանակության շնորհիվ խնձորն արագ հագեցվածության զգացում է հաղորդում։ Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ամբողջական մրգեր ուտելը 4 ժամ ավելի երկար է հագեցվածության զգացումը պահում, քան նույն քանակությամբ խյուս մրգեր կամ հյութ խմելը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ամբողջական մրգերը նվազեցնում են ստամոքսից սննդի արտազատման արագությունը: Ուստի կեղևով խնձոր ուտելը ոչ միայն վնասակար չէ, այլև առողջարար։
Պետք չէ դիտավորյալ խնձորի սերմեր ուտել, անկախ նրանից, թե ինչ են ասում դրանց մասին համացանցում։ Եթե պատահաբար մի երկուսը կուլ տաք, մեծ վնաս չի լինի։ Բայց հարկ է հիշել, որ խնձորի 1 գ սերմը, կախված սորտից, պարունակում է 1–4 մգ ամիգդալին, մի նյութ, որի քայքայման արդյունքում առաջանում է հիդրոցիանաթթու (ջրածնի ցիանիդի լուծույթ): Այն չափազանց թունավոր է և առաջացնում է շնչահեղձություն։ Հետեւաբար, մեծ քանակությամբ սերմերի նպատակային ուտելը կարող է նույնիսկ մահվան հանգեցնել։