Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը

Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով  այսօր «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում դիմավորեցին Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, և դստերը՝ Արփիին։

Սա ժողովրդի ցասո՞ւմ էր, թե՞ հերթական, լավ մտածված PR արշավը Փաշինյանի ընտանիքի կողմից։ Հարցը կարևոր է, հատկապես Կառավարության գլխի վերջին հայտարարությունից հետո, թե ինքը «փրկիչ» է, որը պատրաստ է հանուն հայրենիքի «զոհաբերել» ամեն ինչ, անգամ իր ընտանիքի հոգեկան անդորրը։ 

Այսպես, օր օրի փոքրացող և իր հայրենի Տավուշում բնակիչների հետ վերջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Գալիս ա պահ, որ դու քեզ պետք ա զոհաբերես հանուն քո հայրենիքի, քո երկրի։ Քո հարգանքն էլ զոհաբերես, ընտանիքիդ անդորրն էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես․․․ Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում, ես անում եմ, որ ՀՀ-ն լինի անկախ պետություն»։

Եվ այսպես, այսօր իր ասածն ապացուցելու ժամանակն էր․ փոքրիկ Արփիի հոգեկան վիճակն էր այսօր զոհաբերվում։ Ինչպե՞ս․ շատ պարզ ու հստակ մեխանիզմով։ Փաշինյանի ընտանիքը վստահաբար գիտեր, որ վերջին շրջանում հանրության նյարդերը բավականին պրկված են, Տավուշում կատարվողը շատ-շատերին հասցրել է այն գիտակցման, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե փրկիչ, այլ՝ դավաճան է։ Եվ այս ֆոնին պարզ էր, որ նման դեպքն ուղղակի անխուսափելի է։ Ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը դստեր հետ ամուսնուց առանձին գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և այն ժամին, երբ մարդկանց հոսքը բավականին մեծ է, իսկ ԶԼՄ-ներն ակտիվ աշխատում են։ Հատկապես վերջին մասը նախկին խմբագիր Աննա Հակոբյանը պիտի որ շատ լավ իմանար։  

Բացի այդ, Հակոբյանն ու դուստրը թեև թիկնապահների ու ոստիկանների կողմից պաշտպանված էին, պարզ երևում էր, որ այս անգամ ամեն ինչ հատուկ մշակված է․ լրագրողները թե՛ մոտենալու, թե՛ հարց ուղղելու հնարավորություն ունեին։ Հակոբյանն ու դուստրը և՛ հարցերն էին լսում, և՛ հնչող մտքերին արձագանքում։ Օրինակ, հնչող վանկարկումներին ի պատասխան Աննա Հակոբյանը ժպտում էր՝ ցույց տալով, որ հենց այսպես էլ պետք է լիներ։ Չէ՞ որ սա ամենաշահեկան պահն էր մի քանի բան ցույց տալու․ նախ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ առաջին տիկնոջը կարող են նման ձևով դիմավորել, և երկրորդ, որ Փաշինյանը՝ որպես փրկիչ, իրոք զոհաբերում է անգամ ամենաթանկը՝ դստեր հոգեկան հանգիստը։ 

Ավելին, սցենարն առավել հուզիչ դարձնելու համար Հակոբյանը դստեր ականջին ասում է՝ «քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»։ Մոր այս խոսքից հետո Արփին սկսում է լացել․․․։ Վարագույր։ Ըստ էության, միսիան կատարված է։ Փաշինյանը «զոհաբերում է», Աննա Հակոբյանը՝ ժպիտով «զոհաբերվում»։

Նարե Գնունի