2022 թ. հունվար-մարտ ամիսներին հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 6 982 174 367 դրամ․ ԱԱԾ

2022 թ. հունվար-մարտ ամիսներին հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 6 982 174 367 դրամ․ ԱԱԾ

ԱԱԾ-ն ներկայացրել է 2022 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության մարմիններում նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժի, ինչպես նաև սկզբնական տեղեկատվությունն իրավասու այլ մարմիններին փոխանցելու վերաբերյալ։

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 624 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա հարուցվել են 80 քրեական գործեր։

Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 67 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 29-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 26-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 10-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 2-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։

Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 17 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 9-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 8-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։
Նշված ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 226 քրեական գործեր, որից դեպարտամենտի քննիչների կողմից հարուցվել է 98 քրեական գործ, 46 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 14 քրեական գործի վարույթ, իսկ թվով 68 քրեական գործ փոխանցվել է 2021 թվականից:

Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 15 քրեական գործ 19 անձանց նկատմամբ, կարճվել է՝ 49-ը, կասեցվել է 31 քրեական գործերի վարույթ, 42 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 16 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի, 73 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 6.982.174.367 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 6.695.459.950 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 274.775.217 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 11.939.200 ՀՀ դրամ:

Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2.480.312.771 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից՝ 270.571.217 ՀՀ դրամը: