Windows-ում ներկառուցված հակավիրուսը կոտրում է համակարգիչները

Windows-ում ներկառուցված հակավիրուսը սկսել է սխալներ առաջացնել Windows 10 օպերացիոն համակարգի աշխատանքի մեջ, հայտնում է Neowin լրատվական պորտալը՝ վկայակոչելով ՕՀ օգտատերերի բազմաթիվ բողոքները։
Microsoft Defender-ը չափազանց շատ օպերատիվ հիշողություն է օգտագործում, ինչի հետեւանքով ՕՀ-ի եւ որոշ ծրագրերի աշխատանքը դանդաղում է:
Օրինակ, համակարգ մուտք գործելուց հետո սարքի դիսփլեյին մի քանի րոպե հայտնվում է սեւ էկրան, իսկ ծրագրի Word 2016 եւ ավելի ուշ տարբերակները, պարզվել է, անհամատեղելի են Microsoft-ի հակավիրուսի հետ՝ ծրագրաշարը չի բացվում կամ շատ ուշացումով է բացվում: Բացի այդ, Windows-ի «Իրադարձությունների ցուցադրում» գործառույթի որոշ գործիքներ պատշաճ կերպով չեն գործում, եւ ծրագրային ապահովումը հաճախ կախվում է:
Պորտալը հայտնում է, որ բոլոր խնդիրները կապված են վատ օպտիմալացման եւ այնպիսի սխալների հետ, որոնք օպերատիվ հիշողության արտահոսքի խնդիր են առաջացնում։ Առայժմ Microsoft-ը չի մեկնաբանել միջադեպը։